211652_close_icon
views-count2560 դիտում article-date 09:54 12-12-2018

Անհայտ մարզպետների ու անհայտ այլոց ռեյտինգային խրախճանքը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, չնայած մասնակից եւ դիտորդական կողմերի ընդհանուր դրական արձանագրումներին, կա, այսպես ասած, մի անհանգստացնող կողմ: Խոսքը մասնավորապես ռեյտինգային ընտրակարգի եւ այդ ընտրակարգով իշխող թիմի մի շարք ներկայացուցիչների, մեծամասամբ մարզպետների կամ քաղաքական հանրությանը անհայտ դեմքերի ստացած մեծաքանակ ձայների մասին է: Օրինակ, երբ բազմաթիվ ձայներ են ստանում Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Դավիթ Սանասարյանը եւ հեղափոխության մյուս առաջամարտիկները, կասկած չկա, որ ընտրողն իր ձայնը տվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլեւ այն անձանց, ում ասոցացրել է հեղափոխության հետ, տեսել է այդ մարդկանց հեղափոխական օրերի ուղիղ հեռարձակումների ժամանակ, Հանրապետության հրապարակի հարթակում: Անհասկանալի է սակայն, թե ինչպես են, օրինակ, 10 կամ 20 հազարից ավելի ձայներ ստանում մարդիկ, ովքեր ոչ հեղափոխական ավանգարդի ներկայացուցիչ են, ոչ էլ ունեն քաղաքական կենսագրություն: Հատկապես անհանգստացնող է, երբ այդ անհայտ դեմքերը «շատ պատահականորեն» մարզպետներ են լինում: Լավ, ենթադրենք Սասուն Միքայելյանի դեպքում, կա, այսպես ասած, տեղական հեղինակության եւ տարիների քաղաքական կենսագրության գործոնը: Սակայն նույն այդ գործոնը չկա մի շարք բազմաքվե մարզպետների դեպքում, ում անունները մինչեւ օրս անհայտ են: Բացի մարզպետներից, որոնցից ոմանք, ընդ որում, նախորդ ընտրություններին լավագույն դեպքում ստանում էին 300-500 ձայն, անհանգստացնող է նաեւ ոչ պակաս անհայտ այլ ռեյտինգային թեկնածուների ստացած բազմաթիվ ձայների քանակը: Որեւէ կերպ կասկածի տակ չդնելով իշխող ուժի հաղթանակը, Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության նկատմամբ հասարակության անվերապահ վստահությունը, ինչպես նաեւ վստահ լինելով, որ համամասնական համակարգի դեպքում էլ իշխող թիմը կստանար նույնքան, եթե ոչ ավելի շատ ձայներ, չենք կարող չարձանագրել, որ վերոնշյալ անհանգստությունները ազդակ են առ այն, որ նոր Հայաստանը հնից ժառանգել է որոշակի արատավոր ընտրական պրակտիկա: Խոսքը մասնավորապես վարչական ռեսուրսի դերակատարության մասին է: Նույնիսկ, եթե այդ ռեսուրսը ուղղակիորեն չի կիրառվել մարզպետների կողմից, ամեն դեպքում եղել է այդ ռեսուրսի, այսպես ասած, ինքնակիրառում, երբ, ասենք, գյուղապետները որոշել են ավանդույթի ուժով իրենց համայնքների ձայները կոնսոլիդացնել մարզպետ-թեկնածուի համար: Եթե նույնիսկ որեւէ փաստ չգտնվի վարչական ռեսուրսի նման ուղղորդման համար, իշխանությունը շարունակում է կրել պատասխանատվություն այդ ռեսուրսի ինքնակիրառման համար: Դժվար թե ինչ-որ մեկն ասի, որ անհայտ անունով մարզպետները վեց ամսում հասցրել են մարզերում այնպիսի ռեֆորմներ իրականացնել, որ հանրապետականացված գյուղապետները հանկարծ որոշել են իրենց տեղական էլեկտորատին կոնսոլիդացնել մարզպետի ընտրության համար: Իշխանությունն ունենալով ահռելի վստահություն եւ համոզմունք, որ ամեն դեպքում հաղթելու է խորհրդարանական ընտրություններում, կամ պետք է ջանքեր ներդներ Ընտրական նոր օրենսգիրք ընդունելու համար, որը կբացառեր ռեյտինգային արատավոր ընտրակարգն իրենից բխող արատավոր պրակտիկաներով, կամ եթե չէր հասցնում փոխել ԸՕ-ն, պետք է այդ պրակտիկաների բացառման հարցը լուծեր քաղաքական կամքի միջոցով: Արդեն ակնհայտ է, որ ռեյտինգային ընտրակարգի արդյունքում կան ներթիմային որոշակի տարաձայնություններ եւ այդ տարաձայնություններում սակարկման հիմնական առարկան ձայների քանակն է: Սակայն, որ ավելի վատ է, շարունակվում է նախկին համակարգից մնացած քաղաքական արատավոր պրակտիկաների սահուն ներթափանցում նոր համակարգ, որն անխուսափելիորեն չի սահմանափակվելու բացառապես ընտրական գործընթացով ու դերակատարություն է ունենալու նաեւ հետագայում, օրինակ, նույն գյուղապետներին պահելով մարզպետներից կախվածության մեջ: Այս իմաստով նոր խորհրդարանն իսկապես անելիքներ ունի: Անելիքներ՝ փոխելու քաղաքական համակարգի ձեւաչափը՝ ընդհանրապես երկրի կառավարման մոդելից սկսած, ԸՕ-ով վերջացրած: Ինչու չէ, կարիք կա նաեւ վերանայելու մարզպետների ու մարզպետարանների ինստիտուտը, որոնք գնալով ավելի են նմանվում գեներալ–գուբերնատորական համակարգի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր