211652_close_icon
views-count2652 դիտում article-date 22:34 10-12-2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Արցախում

Դեկտեմբերի 5-7-ը Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի հրավերով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը՝ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում: Այցի շրջանակներում քրեակատարողական ծառայության պատվիրակությանն ընդունել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև հետագա համագործակցության ձևաչափին և քրեակատարողական ոլորտին վերաբերող խնդրահարույց հարցեր, որոնց լուծման առնչությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ վեր հանված խնդիրները համապատասխան հուշագրով կանոնակարգելու ուղղությամբ: «Հանդիպումն առաջին անգամ էր, բայց լիահույս եմ, որ լինելու է շարունակական: Կառուցողական դաշտում միասին ենք աշխատելու և անելու ենք ամեն հնարավորը՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու ի շահ մեր պետությունների», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ա. Մխոյանը: Այնուհետև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ի. Գրիգորյանը: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ՔԿԾ պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը շնորհավորել է Ի. Գրիգորյանին նոյեմբերի 30-ի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք ծառայություն և նորանոր ձեռքբերումներ: Երկու ծառայությունների պաշտոնատար անձանց մասնակցությամբ քննարկվել են արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման մեխանիզմները, նախանշվել հետագա անելիքները: Արցախի Հանրապետության ոստիկանության պետի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունն այցելել է նաև ԱՀ-ի ոստիկանության քրեակատարողական վարչության Շուշիի քրեակատարողական հիմնարկ, հանդիպել դատապարտյալներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին: Անցկացնելով համեմատականներ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների և ԱՀ քրեակատարողական վարչության ՔԿՀ միջև՝ Ա. Մխոյանը հայտնել է իր մասնագիտական գոհունակությունը ԱՀ-ի ոստիկանության քրեակատարողական վարչության ՔԿՀ-ում իրականացված բարեփոխումների շուրջ, ոստիկանության պետի հետ քննարկել դատապարտյալների պահման վերաբերյալ մի շարք խնդրահարույց հարցեր: Այցի շրջանակներում ՔԿԾ պատվիրակությունը մասնակցել է նաև քրեակատարողական վարչության և հիմնարկի ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը և բարձրացված խնդիրների առնչությամբ ներկայացրել կառուցողական առաջարկություններ: Երկօրյա հագեցած այցի շրջանակներում Ա. Մխոյանի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ Արարատի մարզի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանի և ԱՀ ոստիկանության և Պաշտպանության բանակի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է նաև Արցախի պաշտպանական դիրքեր, հանդիպել պաշտպանական դիրքերում ծառայություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել վերջիններիս ծառայության պայմաններին: Բացի այդ՝ 2018թ-ի դեկտեմբերի 7-ին Ա. Մխոյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է նաև 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը, որին ներկա են եղել նաև ԱՀ-ի պաշտոնատար անձինք՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Աշխատանքային հանդիպումների ավարտին Արցախի Հանրապետության ոստիկանության և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության միջև արդեն իսկ կայացած համագործակցության համար ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանը, ՔԿԾ պետի տեղակալներ Հ. Քոչինյանը և Վ. Ծաղիկյանը Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ի. Գրիգորյանի հրամաններով պարգևատրվել են Արցախի Հանրապետության ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով: Երկու հանրապետությունների պատվիրակությունները փոխանակվել են նաև խորհրդանշական նվերներով:

Նմանատիպ նյութեր