211652_close_icon
views-count457 դիտում article-date 12:16 10-12-2018

Զոհրաբ Մնացականյանը կարևորում է ՄԱԿ-ի ցեղասպանությանը նվիրված կոնվենցիան համընդհանուր դարձնելուն ուղղված ջանքերը

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ընդունումից 70 տարի անց, դեռ 45 երկիր պետք է անդամակցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկիր պետք է ջանքեր ներդնի՝ խթանելու կոնվենցիան համընդհանուր դարձնելուն: «Կոնվենցիայի ընդունումից 70 տարի անց մենք սպասում ենք նրանց անդամակցությանն այս կոնվենցիային, և, կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեր ջանքերով պետք է փորձենք և համապատասխան ուղերձներ հղենք այս երկրներին, ինչը հրամայական է այս կոնվենցիայի լիարժեք իրականացմանը, վավերացմանը, որպեսզի այն իսկապես համաշխարհային դառնա»,-նշեց նա: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ 1948 թ. ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան՝ միջազգային հանրությունը պարտավորվեց, որ այլևս երբեք թույլ չի տա այս հանցագործության իրականացումը: Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան միջազգային իրավունքի տեսակետից ցեղասպանությունը բնորոշող, ինչպես նաև ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ է, որն ընդունել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 9-ին։ Այն ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին։ Կոնվենցիայի մշակման ու ընդունման գործում էական դեր է խաղացել հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը, ով «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է:

Նմանատիպ նյութեր