211652_close_icon
views-count707 դիտում article-date 14:12 09-12-2018

Արմեն Ռուստամյանն ընտրությունների ընթացքը գնահատում է դրական

Երևանի 3/23 ընտրատեղամասում ժամը 12:00-ին իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն հայի ու հողի: «Մեր ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից, ես քվեարկել եմ հանուն նրա, որ իրենց ակնկալիքներն արդարանան, հասարակությունը չհիասթափվի, և տեսնի իր երազած Հայաստանը»,-ասաց Արմեն Ռուստամյանը: Խոսելով քարոզարշավի մասին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ժամանակը շատ քիչ էր, իսկ ասելիքը շատ էր, սակայն այս անգամ հնարավորինս լայն ճակատով կարողացան տեղ հասցնել իրենց հիմնական անելիքը: Նա ընդգծեց, որ բանավեճերն աննախադեպ էին, սակայն այս ընտրություններով չեն կարող ասել, որ երկիրն իր ժողովրդավարական ավանդույթներով առաջ է գնում: «Առայժմ ընտրության ընթացքը գնահատում եմ դրական, աղաղակող խախտումների արձանագրումներ չենք ունեցել: Եղել են հատուկենտ հայտարարություններ տարբեր հարցերի հետ կապված, անգամ ընտրակաշառքի մասին, սակայն հույս ունենք, որ իրավապահ մարմինները կհետևեն պրոցեսին այնպես, որ այս մեծ հույս արթնացնող ընտրություններն իրենց որակով լինեն աննախադեպ»,-ասաց Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, որ բոլոր ժամանակներում իշխանությունները միշտ ընտրությունները կեղծելու կասկածանքի տակ են եղել, սակայն այս անգամ գործող իշխանությունը դրա կարիքը չունի: Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ սովորաբար Դաշնակցության վերաբերյալ ոչ ճիշտ թվեր են հրապարակում:

Նմանատիպ նյութեր