211652_close_icon
views-count1703 դիտում article-date 12:58 09-12-2018

Այսօրն հնի և նորի կռվի ավարտն է. Էդմոն Մարուքյանը կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկել է Հայաստանի այն ներկայի համար, որը սկսել է, և այն ապագայի համար, որի մասին խոսել են քարոզարշավի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մարուքյանը, ով քվեարկության էր եկել որդու հետ, այս մասին Երևանի 1/20 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասաց լրագրողների հետ զրույցում: «Ուղերձս հետևյալն է. այսօր հնի և նորի կռվի ավարտն է: Քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ գնալ ընտրատեղամասեր և իրենց քաղաքացիական պարտքը կատարել, չհանգստանալ, հանկարծ չկարծել, թե ամեն ինչ ավարտված է: Այսօր է ամեն ինչ ավարտվելու: Այսօր մինչև ժամը 8-ը քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամենն ավարտին հասցնելու: Հետևաբար բոլորս անելիք ունենք այսօր»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանը կոչ արեց ոստիկանությանը բոլոր մտահոգիչ տեղեկությունները ստանալուն պես համապատասխան միջոցներ ձեռնարկել: «Այսօրվա ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է և իրավապահ մարմինները: Հույս ունեմ, որ բոլոր արատավոր երևույթները, որոնք եղել են և որոնց մնացորդներն ու մնացուկները կփորձեն այսօր որևէ բան անել, կհայտնաբերվեն»,- նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը: Նա ընդգծեց, որ իրենք տարատեսակ մտահոգիչ տեղեկություններ են ստանում, որոնք օպերատիվ կերպով փոխանակում են ոստիկանության հետ:

Նմանատիպ նյութեր