211652_close_icon
views-count1351 դիտում article-date 16:38 08-12-2018

ՀՀ ոստիկանությունը խորհրդարանական ընտրություններում ապահովելու է քաղաքացիների ընտրելու իրավունքի անխափան իրացումը

ՀՀ ոստիկանությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում կապահովի քաղաքացիների ընտրելու իրավունքի անխափան իրացումը: ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ոստիկանության կենտրոնական վարչակազմի Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ապահովելու են ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների և դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը: «Ոստիկանությունը պարտավոր է ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովել պատշաճ կարգ ու կանոն գործելով բացառապես իր լիազորությունների շրջանակներում: Օրենքով ՀՀ ոստիկանությանն է վերապահված ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումը ընտրական հանձնաժողովներում, իր առջև օրենքով դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար ոստիկանության տարածքային մարմիններում արդեն ձևավորվել են համապատասխան վերակարգեր»,-տեղեկացնում է ոստիկանությունը: Այն վայրերում, որտեղ անհրաժեշտ է ոստիկանի մշտական ներկայությունը, արդեն նշանակվել են պահակետեր:Ընտրությունների ժամանակ հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության նկատառումներով, ձևավորվել են երկու և ավելի ոստիկաններից կազմված պարեկային խմբեր: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ստեղծվել են տարբեր ծառայությունների ոստիկաններից կազմված օպերատիվ խմբեր, որոնք ցանկացած ահազանգի արագ արձագանքելու և ընտրատեղամասերում ու դրանցից դուրս իրականացնելու են օրենքով նախատեսված անհետաձգելի միջոցառումներ: «Արդեն կազմել է նաև ոստիկանության մի քանի ծառայողներից բաղկացած զինված խմբեր, որոնք քվեարկության ավարտից հետո ապահովելու են ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումը ընտրատեղամասերից կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում արդեն ձևավորվել են նաև հատուկ մասնագիտացված պատրաստություն անցած ծառայողներից բաղկացած պահեստային խմբեր, որոնք օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում կիրականացնեն հատուկ առաջադրանքներ»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Ոստիկանական ծառայությունն ընտրական տեղամասերում սկսում է քվեարկության նախորդ օրը: Արդեն քվեարկության օրը ոստիկանության խմբերը կանցնեն իրենց պարտականությունների իրականացմանը ողջ ծավալով. կարգելեն ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը, ընտրատեղամասին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, կարգելեն ընտրատեղամասի մուտքի մոտ մեքենաների կուտակումը: Ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանները ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով պետք է աջակցեն ընտրական հանձնաժողովին ՝ ապահովելով հանձնաժողովի կայացրած որոշումների կատարումը: Ոստիկանության ծառայողները կարող են մտնել քվեարկության սենյակ, եթե բավարար տվյալներ ունեն, որ այնտեղ հանցագործություն է կատարվել կամ կատարվելու:

Նմանատիպ նյութեր