211652_close_icon
views-count4264 դիտում article-date 16:12 08-12-2018

Արծրուն Հովհաննիսյանը ՍՈՒ-25-ի վթարի վարկածներից բացառում է օդաչուների միջանձնային հարաբերության խնդիրը

Վթարված ՍՈՒ-25-ի հետևանքով զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի մահվան պատճառը անձնական խնդիրը լինել չի կարող: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ցանկացած ավիացիոն միջադեպ, անկախ քրեական գործից, ունի մասնագիտական քննության հանձնաժողով, այն կավարտվի, բոլորս կիմանանք պատճառը: Ես հիմա չեմ ուզում որևէ բան ասել, որովհետև այն կարող է մնալ որպես տարբերակ ու շրջանառվել: Բայց քննությանը կարող եմ չսպասել ու բացառել անձնային հարաբերության որևէ խնդիր: Արմենը բոլորի հետ շատ լավ էր: Իր ենթակաների հետ շփվում էր իր երեխաների նման: ՍՈՒ-25-ի երիտասարդ օդաչուների մեծ մասի ինստրուկտորն էր»,- ասաց Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` զոհված երկու օդաչուներն էլ լեգենդար ավիացիոն ընտանիքներից էին: «Բաբայան Արմենը ծագումով Հադրութից էր, Արցախյան պատերազմի ժամանակ հոր ջոկատի հետ մասնակցել էր մարտերին, հետո ընդունվել Ավիացիոն ինստիտուտ: Ինչ-որ առումով լեգենդար ավիատորի ընտանիքից էր, որովհետև իր հորեղբայրը, ով, ցավոք, Արցախում էլի ավիավթարից մահացավ, ավիացիայի վարչության պետի տեղակալն էր, ԽՍՀՄ-ում շատ հայտնի ինստրուկտոր-օդաչու, բարձրակարգ մասնագետ: Արմենը գնացել էր հորեղբոր ճանապարհով: Ցավոք, ինչպես ավիացիայի կանոններն են ասում. «Վթարի ենթարկվում են կամ գերպրոֆեսիոնալները կամ սկսնակ օդաչուները»: Արմենը մտավ այդ օրինաչափության մեջ: Մովսեսը լրիվ լեգենդար ավիացիոն ընտանիքից էր: Պապը, հայրը, մայրը, հորաքրոջ տղան բոլորն օդաչուներ են, ծառայում են մեր զինված ուժերում: Անչափահաս տարիքից մեծացավ աչքը երկնքից հառած: Ասում են. «Օդաչուները չեն մահանում, իրենք ուղղակի գնում ու հետ չեն գալիս», բայց սա մեծ կորուստ է մեր երկրի համար»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/04/1111804/]հայտնել [/url]էինք, որ դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Հայաստանի տարածքում։ Ինչպես Շիրակի մարզից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տվյալներով՝ ժամը 11։40-ի սահմաններում ռադարից անհետացել էր օդ բարձրացած կործանիչ։ Նախնական տվյալների համաձայն՝ կործանիչը օդ էր բարձրացել Գյումրիի ռազմաբազայից։ Ավիավթարի հետևանքով զոհվել էին օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր