211652_close_icon
views-count4123 դիտում article-date 09:46 08-12-2018

Ներողություն ենք խնդրում, եթե ընտրարշավի ժամանակ հնչած մտքերը վիրավորել են որևէ մեկի արժանապատվությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մեր թվային դարում ընտրություններից առաջ հայտարարվող «լռության օրը», իհարկե, հնացած երևույթ է, և օրենքի այդ պահանջն իր բուն նպատակին չի ծառայում: Այսինքն՝ «համացանցում նստած» մարդիկ չեն պատրաստվում ինքնամփոփվել, կենտրոնանալ և մտքերը կարգի բերել՝ որոշելու համար, թե ում են պատրաստվում ընտրել: Տեղեկատվական աղմուկը ինչպես «բզզում է» բոլորիս ականջներում, այնպես էլ այսօր շարունակում է իր «բզզոցը», և անիմաստ է խոչընդոտել քարոզչությանն ու հակաքարոզչությանը: Բայց «Առավոտը», ինչպես ընդունված է վերջերս ասել, «դասական» լրատվամիջոց է և ենթարկվում է առայժմ գործող այդ արխայիկ օրենքին: Եթե ինձ հարցնեին, թե ինչ էր պակասում այս ընտրարշավում, ես չէի տա ավանդական պատասխանը՝ «ծրագրեր», «գաղափարներ», «արդյունավետ բանավեճեր» կամ «կառուցողական քննադատություն»: Դրանք նման իրավիճակներում չկան և չեն լինելու ոչ մի երկրում: Չկա աշխարհում մի պետություն, որի քաղաքացիներն ընտրությունների ժամանակ ղեկավարվում են բանականությամբ ու փաստարկներով: Ընտրողների ճնշող մեծամասնությունն ամենուր և միշտ առաջնորդվում է հույզերով, անձնական համակրանքով, առասպելներով, խարիզմայով և այլն: Զանգվածային հոգեբանությունը չի փոխվել 4 հազարամյակի ընթացքում, և երբ շամանը զարկում է իր դափը, մարդիկ, վարակվելով համանման զգացմունքներով, սկսում են իրենց ավանդական պարը: Ինձ պակասում էին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունները: Ընդունված է, որ ընտրարշավից առաջ նրանք միասնաբար պարտավորություն են ստանձնում, որ ընտրապայքարը լինելու է ազնիվ և կոռեկտ: Իհարկե, այդ խոստումը հաճախ է խախտվում, բայց դա, ի վերջո, մի ուղերձ է, որն ուղղված է ընտրողներին, և որի իմաստն այն է, որ մենք, սիրելի քաղաքացիներ, այո, վիճում ենք, բայց դա չի նշանակում, որ մենք թշնամիներ ենք: Բայց ես շատ կուզեի, որ միջազգային պրակտիկայում ընդունված այդ համատեղ հայտարարությունից բացի, մեր քաղաքական ուժերն ավելի առաջ գնային և այսօր՝ «լռության օրվա» ընթացքում, նույնպես հանդես գային համատեղ հայտարարությամբ: Դրա մոտավոր բովանդակությունը կարող է հետևյալը լինել. «Սիրելի հայրենակիցներ, ավարտվեց ընտրարշավը, որի ընթացքում հնչել են քննադատություններ և փոխադարձ մեղադրանքներ: Մենք ներողություն ենք խնդրում իրարից և ձեզանից, եթե ընտրարշավի ժամանակ հնչած մտքերը վիրավորել են որևէ մեկի մարդկային արժանապատվությունը: Մենք ներում ենք իրար նման խոսքեր հնչեցնելու համար: Հայաստանը եղել է և լինելու է հրաշալի երկիր, անկախ նրանից՝ քանի ձայն ենք մենք հավաքելու և կհայտնվե՞նք արդյոք խորհրդարանում, թե ոչ, անկախ քաղաքական ռեժիմներից և իշխանությունների որակից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր