211652_close_icon
views-count2539 դիտում article-date 15:20 03-12-2018

Ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի՝ առաջին անգամ հնչեց Բրուքների «Ռեքվիեմ»-ը

Հայաստանում առաջին անգամ հնչեց Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգի շրջանակում: Ստեղծագործությունը դեկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգին ներկայացրին Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը ելույթ ունեցան ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես եկան Իրինա Զաքյանը (սոպրանո), Գրետա Բագիյանը (մեցցո սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Կիմ Սարգսյանը (բաս): «Ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների «Ռեքվիեմ»-ն առաջին անգամ էր կատարվում Հայաստանում: Այն Բրուքների առաջին մեծածավալ գործն է: Չգիտեմ, թե ինչու այն Հայաստանում չէր հնչել: Մենք որոշեցինք, որ մեր ունկնդիրը պետք է անպայման իմանա այս ստեղծագործությունը: Հոյակապ գործ է, շատ ուրախ եմ, որ կարողացանք այն ներկայացնել: Հուսով եմ, որ հանդիսատեսը ցանկություն կհայտնի, որ այն կրկին հնչեցնենք»,-նշեց ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Սոպրանո Իրինա Զաքյանն էլ հույս հայտնեց, որ հանդիսատեսին «Ռեքվիեմ»-ը դուր է եկել, քանի որ այս ստեղծագործության մեջ, ըստ երգչուհու, ջերմություն կա: Հավելենք, որ համերգային երեկոյին ներկայացվեցին նաև Թոմազո Ալբինոնիի Ադաջիո, Սեմյուել Բարբերի Ադաջիո լարայինների համար, Անտոն Բրուքների Ավե Մարիա ստեղծագործությունները: Նշենք, որ դեկտեմբերի 7-ին էլ Գյումրու Սև բերդում կներկայացվի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Միջոցառումը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը , Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը, «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները: Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Նմանատիպ նյութեր