211652_close_icon
views-count1019 դիտում article-date 20:52 28-11-2018

Արա Բաբլոյանն ընդունել է Թուրքմենստանից ժամանած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Թուրքմենստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների եւ բժշկական առաջատար կենտրոնների ղեկավարների: Պատվիրակությունը Հայաստանում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) եւ Յոդին համընդհանուր համացանցի աջակցությամբ: Այցի նպատակն է ուսումնասիրել մեր երկրում իրականացվող նորածնային սքրինինգի փորձը, որն արդեն տասներեք տարի է իրականացվում է Հայաստանում: Արա Բաբլոյանը անդրադարձել է առողջապահության, սոցիալական ապահովության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում Հայաստանում ձեւավորված օրենսդրական դաշտին: Արա Բաբլոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նորածնային սքրինինգի ծրագրերը ներդնելու, կյանքի կոչելու հարցում մասնագետների ջանքերը, կատարած աշխատանքն ու արդյունքները: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` կյանքի ցիկլի վաղ փուլից հաշմանդամության առկայությունը բացահայտելու, անհրաժեշտ միջամտություն ցուցաբերելու դեպքում համալիր ծառայությունների ու միջոցառումների օգնությամբ միանգամայն իրատեսական է ապահովել երեխայի հետագա ամբողջական ներգրավվածությունը հասարակական կյանքին: Ըստ Ազգային ժողովի նախագահի` լավագույն արդյունքներ կարելի է ունենալ, եթե առկա է սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտների միջգերատեսչական համագործակցություն` համայնքային մարմինների ակտիվ մասնակցությամբ: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ մոդելի կիրառման կարեւոր առանձնահատկություններից է զարգացման խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար պետության կողմից վերականգնողական ծառայություններ, կրթություն ստանալու հնարավորություն եւ լիարժեք խնամք ապահովելը: Թուրքմենստանից ժամանած հյուրերը շնորհակալություն են հայտնել Արա Բաբլոյանին ջերմ ընդունելության եւ իրենց հետաքրքրրող թեմաներին հանգամանալի անդրադառնալու համար: Նրանք նշել են, որ Հայաստանում իրականացված արդյունավետ փորձը հնարավորինս կկիրառեն իրենց երկրում: Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հարցում:

Նմանատիպ նյութեր