211652_close_icon
views-count2022 դիտում article-date 13:02 27-11-2018

Երեւանում ընթացող ՍԾՏՀ ԽՎ նիստում 4 պատվիրակություններ հրաժարվեցին կազմակերպության հոբելյանական մեդալներից

Երեւանում ընթացող ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ նիստում միանգամից 4 պատվիրակություններ հրաժարվեցին կազմակերպության հոբելյանական մեդալները ստանալուց: Ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց բոլոր ազգային պատվիրակություններին կազմակերպության 25-ամյակի առիթով պարգեւատրելու մասին, սակայն միանգամից 4 պատվիրակություններ՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի, մեդալներից հրաժարվեցին: Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչը (ղեկավարը բացակայում էր) հայտարարեց, որ պատվիրակության ղեկավարը հրաժարվում է եւ խնդրում հարցը չքննարկել: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիեւը հայտնեց, որ կարճ ժամանակ է, ինչ պատվիրակության ղեկավարի պաշտոնում է, ուստի իր խիղճը թույլ չի տալիս նման բարձր պարգեւն ընդունել: Ընդ որում՝ Գուլիեւը հատուկ շեշտեց, որ հարցը քաղաքականության հետ կապ չունի, եւ Երեւանում իրեն շատ լավ են ընդունում: Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հայտարարեց, որ պատիվ չունի մեդալն ընդունելու: Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Չուբարովը նույնպես Երեւան չէր ժամանել եւ մեդալից գրավոր էր հրաժարվել: Այս կապակցությամբ Արա Բաբլոյանը ստիպված էր հիշեցնել, որ պարգեւը վերաբերում է ոչ միայն ղեկավարներին, այլեւ բուն պատվիրակություններին, որոնք քառորդ դար ազնվորեն աշխատել են: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւը նշեց, որ չարժի դրանից ողբերգություն սարքել, առավել եւս, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարն ընդհանրապես դեռ չի հաստատվել: Բաբլոյանը համաձայնվեց, որ ողբերգություն սարքելու կարիք չկա, եւ նշեց, որ այսօր մեդալները չստացածները դա կարող են անել առաջիկա նիստերի ժամանակ, ասենք՝ Բաքվում:

Նմանատիպ նյութեր