211652_close_icon
views-count2388 դիտում article-date 20:24 16-11-2018

Սամբոն 80 տարեկան է. այսօր մարզաձևի ծննդյան օրն է

Նոյեմբերի 16-ը առանձնահատուկ օր է սամբո մարզաձևի սիրահարների ու երկրպագուների համար. Այսօր մարզաձևի ծննդյան օրն է: Սամբոն, որպես սպորտային ըմբշամարտի ձև, ԽՍՀՄ¬ում պաշտոնապես ճանաչվել է 1938թ. ճիշտ այս օրը՝ Ֆիզկուլտուրայի և սպորտի համամիութենական կոմիտեի թիվ 663 հրամանով, ուր մասնավորապես նշված է. «Սամբո ըմբշամարտը ձևավորվել է ազգային ըմբշամարտերի ամենաարժեքավոր տարրերից և որպես մարզաձև, տեխնիկայի բազմազանության և պաշտպանունակության իմաստով, անգնահատելի արժեք է»: Սամբո անվանումը ռուսերեն ”САМозащита Без Оружия” արտահայտության հապավում է, որը թարգմանաբար նշանակում է՝ «ինքնապաշտպանություն առանց զենքի»: Ազգային ըմբշամարտի ձևերը, որոնք մտել են սամբոյի մեջ, արմատներով ձգվում են հեռավոր անցյալ: Դրանցից մեկը հայկական ազգային ըմբշամարտն է՝ կոխը, իր կանոններով ու առանձնահատկություններով: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է բոլոր սամբիստներին, մարզիկներին, մարզիչներին, մարզաձևի երկրպագուներին, ադմինիստրատիվ աշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում հաջողություններ: Այսօր էլ, հայ սամբիստները փայլում են իրենց հաջողություններով, հազարավոր հայ պատանիներ նախընտրում են հենց այս մարզաձևը, քանզի այն կերտում է ամուր ու անկոտրում բնավորություն, հաղթանակի կամք, մարդուն դարձնում է ուժեղ ու նպատակասլաց: Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ հայ մարզիկները սամբոյի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են հարյուրավոր մեդալներ, ի պատիվ մեր պետության՝ տասնյակ անգամներ բարձրացվել է հայոց եռագույնն ու հնչել Մեր Հայրենիքը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը դեկտեմբերի 2-ին կացկացնեն ,,Հայաստանի սամբոյի գավաթ,, մրցաշարը, որի շրջանակներում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ՝ նվիրված մարզաձևի ստեղծման 80, մարզադպրոցի հիմնադրման 35 և ֆեդերացիայի երկարամյա նախագահ, մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանի 75-ամյակներին, որի ընթացքում կկայանա նաև սամբոյի երախտավորի՝ ,,Սամբո. Կյանքիս ճանապարհը,, գրքի շնորհանդեսը:

Նմանատիպ նյութեր