211652_close_icon
views-count2737 դիտում article-date 16:11 16-11-2018

Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում

Երևանում շինարարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: Գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, փաստաթղթերի ցանկը, ձևաթղթերը, դիմումի օրինակները հասանելի են Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը նշում է. «Քաղաքացիներն առաջին փուլով պետք է ներկայացնեն էսքիզային տարբերակ, թե ինչ շինարարական աշխատանքն են պատրաստվում իրականացնել, որի հիման վրա տրամադրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ այն ներկայացնելով քաղաքապետարան՝ քաղաքացիները սահմանված ժամկետում կստանան շինարարության թույլտվություն»: Ի դեպ, եթե բնակելի տունը կամ այգետնակը քաղաքաշինական գոտուց դուրս է, ապա օրինակ՝ պատշգամբի, տանիքի կառուցման կամ վերակառուցման համար թույլտվությունները կարելի է ստանալ նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: Կախված շինարարության տեսակից՝ թույլտվությունը տրամադրվում է մինչև 15-օրում: «Եթե դուք արդեն ստացել եք թույլտվություն, ապա կարևոր է պահպանել շինարարական հրապարակների՝ ավագանու որոշմամբ սահմանված պայմանները: Նախ՝ տեսանելի վայրում փակցնել իրազեկող ցուցանակներ, որտեղ պետք է լինեն կառույցի վերջնական տեսքը, շինթույլտվության տրամադրման ամսաթիվը, համարն ու ժամկետը, նաև տվյալներ սեփականատիրոջ, կառուցապատողի մասին և մի շարք այլ տեղեկություններ: Հաճախ հենց այս ցուցանակների բացակայության պատճառով են քաղաքացիներն ահազանգում ապօրինի շինարարության մասին» ,-նշում է Ռուբեն Խոջայանը: Վիճակագրության համաձայն այս տարվա նոյեմբերի 1-15-ը քաղաքացիների կողմից ստացվել է հողազավթման և ապօրինի շինարարության 91 ահազանգ, որոնցից 36 դեպքերում շինարարությունն անօրինական է ճանաչվել: 30-ի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ, 11-ի հետևանքներն էլ վերացված են: Նշենք, որ քաղաքացիների կողմից ապօրինության հետևանքները սեփական ուժերով չվերացնելու դեպքում վարչական շրջանների ուժերով ապօրինի կառույցը քանդվում է: Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ մայրաքաղաքում առանց թույլտվության այլևս որևէ շինարարություն չի իրականացվելու:

Նմանատիպ նյութեր