211652_close_icon
views-count4823 դիտում article-date 12:05 16-11-2018

Հայաստանի պետական կամերային երգչախումբը կներկայացնի Ռոբերտ Ամիրխանյանի «Սիրված երգերը»

Հայաստանի պետական կամերային երգչախումբը նոյեմբերի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Սիրված երգերը»: Համերգային երեկոյի ընթացքում կոլեկտիվը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Ռոբերտ Մլքեյանը նշում է՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Այս անգամ էլ որոշել են ունկնդրին ներկայացնել Ամիրխանյանի սիրված երգերը՝ հեղինակի նվագակցությամբ և բոլորովին նոր մեկնաբանությամբ: Մլքեյանի խոսքով՝ հետագայում ցանկանում են Ամիրխանյանի երգերը ներկայացնել նաև երգչախումբ-նվագախումբ համադրությամբ: «Այս գործերը ստեղծվել են տարիների ընթացքում և մեծ նստվածք են թողել բազում ունկնդիրների մոտ: Դրանք ծնվել են, որովհետև չէին կարող չծնվել: Հնչելու են 20-25 երգեր, օրինակ՝ «Երազ իմ երկիր հայրենի», «Քեզ հետ, իմ սեր», «Բալենի», «Կարոտ», «Անանձնություն» և այլ գործեր: Ժամանակ առ ժամանակ ես ցանկանում եմ հաշվետու լինել, ներկայանալ ունկնդրին իմ արած գործերով: Ինձ համար շատ կարևորը շփումն ունկնդրի հետ»,-նշում է Ռոբերտ Ամիրխանյանը: Կոմպոզիտորը բարձր է գնահատում Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ համագործակցությունը: Փաստում է՝ երգչախումբը բարձր կատարողական վարպետության կոլեկտիվ է, իսկ Ռոբերտ Մլքեյանը բարձր գեղագիտական արժանիքներ կրող արվեստագետի փայլուն օրինակ է:

Նմանատիպ նյութեր