211652_close_icon
views-count842 դիտում article-date 15:17 15-11-2018

Հայկ Մարությանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը կարևորել է դեսպանի դերը հայ-ճապոնական համագործակցության զարգացման գործում։ Հայկ Մարությանը նշել է, որ թեև Երևանը դեռ չունի գործընկերային ուղղակի կապեր Տոկիոյի կամ Ճապոնիայի այլ խոշոր քաղաքների հետ, սակայն գոյություն ունի փոխշահավետ համագործակցության լայն դաշտ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող կոնկրետ ծրագրերի շրջանակներում: «Տեղյակ եմ, որ նախկինում տեխնիկական աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել, որի համար, օգտվելով առիթից, հայտնում եմ իմ երախտագիտությունը: Միաժամանակ, Ձեր աջակցությունն եմ հայցում նաև Ճապոնիայի կառավարության, ինչպես նաև մասնավոր սեկտորի և այլ ձևաչափերով ծրագրերում տեխնիկական աջակցության և ներդրումների ներգրավման նպատակով Երևան քաղաքն ընդգրկելու հարցում», - նշել է քաղաքապետը: Նա մասնավորապես առանձնացրել է տրանսպորտի և աղբահանության բնագավառում հաջողված փորձ ունեցող ճապոնական քաղաքների հետ փորձի փոխանակման կարևորությունը: Դեսպան Ջուն Յամադան շնորհավորել է Հայկ Մարությանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և իր հերթին հույս հայտնել, որ երկու երկրների խոշոր քաղաքները կխորացնեն համագործակցությունը: Նշելով, որ վերջին շրջանում աշխուժացել է ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան՝ դեսպանը հույս է հայտնել, որ հայաստանցիները ևս կսկսեն ավելի հաճախ գործարար և զբոսաշրջային այցեր կատարել Ճապոնիա, հատկապես, որ վերջերս երկու երկրների միջև մուտքի արտոնագիր ստանալու գործընթացն ազատականացվել է:

Նմանատիպ նյութեր