211652_close_icon
views-count1857 դիտում article-date 14:03 15-11-2018

Կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու նախաձեռնությունը հավանության արժանացավ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծի ընդունման պարագայում՝ կառավարության նիստերն այլևս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը: «Կառավարության գործունեության հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ի տարբերություն գործող կարգավորումների, օրինագծով սահմանվում է, որ Կառավարության նիստերը դռնբաց են՝ զուգահեռաբար ամրագրելով, որ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Ըստ այդմ՝ համարժեքորեն վերանայվում են նաև այս կարգավորումից ածանցվող մյուս դրույթները»,- ասաց Զեյնալյանը: «Այսինքն` այսպիսով մենք լուծում ենք ժամանակին աղմուկ հարուցած հարցը: Հիշում եք, որ հիմա օրենքով նախատեսված է, որ սովորաբար կառավարության նիստերը լինում են դռնփակ և դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում. հիմա մենք հակառակն ենք անում, հիմա մենք նիստերը անում ենք դռնբաց: Բնականաբար, կլինի նաև դռնփակ նիստերի անհրաժեշտություն և այդ պարագայում կկայացնենք որոշում դռնփակ անցկացնելու վերաբերյալ»,- իր հերթին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր