211652_close_icon
views-count1792 դիտում article-date 13:13 15-11-2018

Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու խնդրին: «Ուզում եմ ընդգծել հետևյալը. մենք պետք է բացառենք այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես, նախկինից հայտնի մի շարք ավանդույթներ, երբ այս օրերին, մասնավորապես, հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական և քարոզչական պրոցեսների մեջ, պետք է լիարժեքորեն բացառել այս երևույթը: Պետք է բացառել նաև և այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողներին ուղղորդելու գործընթացում: Մեր ընտրություններում եղել է «չակերտավոր ասողների» երևույթը, ովքեր ասում են, թե ում օգտին պետք է քվեարկել: Ո՞րն է մեխանիզմը, ո՞րն է ընտրողի ազատ կամարտահայտությունը. ընտրողը պետք է հետևի քարոզարշավին, դառնա քաղաքական բովանդակության մասնակից և որոշի, թե ում օգտին է ուզում քվեարկել։ Պետք է բացառենք քվեաթերթիկի մի քանի անգամ սխալ տրցակում տեղադրելը: Մենք շատ հստակ և խիստ ուղերձ պետք է հղենք, որ այսպիսի յուրաքանչյուր փորձ կատարող ցանկացած մեկին անպայմանորեն կհակազդի օրենքը՝ իր ողջ ուժով: Հաջորդ երևույթը վերաբերում է ընտրակաշառքի պրակտիկային՝ ուղիղ կամ անուղղակի: Հույս ունեմ, որ ոստիկանությունը և ՀՔԾ-ն պատրաստ են ոչ միայն արձագանքելու իրավիճակին, այլև կանխելու այդ երևույթը: Պետք է հասկանանք, որ այդ երևույթը չի կարող մեր իրականության մեջ տեղ ունենալ: Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում կապահովենք քաղաքական ուժերի միջև իրապես ազատ մրցակցությունը, պետք է դահլիճների հասանելիության սահմանափակումներ չլինեն, բոլոր քաղաքական ուժերը պետք է իսկապես ունենան հավասար հնարավորություններ՝ ընտրողների հետ շփվելու, երկխոսելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով ընտրացուցակների հետ կապված հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընգծեց, որ դրա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Ոստիկանությունը: «Նախորդ ընտրություններից գիտենք երևույթ, որ ընտրողների միգրացիա է լինում այս ընտրատարածքից այն ընտրատարածք: Հույս ունեմ, պարոն Օսիպյան, տեղեկատվությունը կստանանք և համարժեք միջոցներ կձեռնարկենք: Իսկապես մենք պետք է անցկացնենք բարձր մակարդակի ընտրություններ և ես որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ տեղի կունենա»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր