211652_close_icon
views-count2086 դիտում article-date 12:47 15-11-2018

«Եվրոպա Դոննա Արմենիա» Հ/Կ նախաձեռնությամբ Եվրոպացի բժիշկներն այցելել են «Էրեբունի» ԲԿ

Շվեցարիայի Լուգանոյի համալսարանի կրծքագեղձի դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Օլիվիա Պագանին և Իտալիայի Ուռուցքաբանության եվրոպական դպրոցի գիտական գծով նախագահ, պրոֆեսոր Պեդրո Պեկատորին, «Եվրոպա Դոննա Արմենիա» Հ/կ նախաձեռնությամբ հյուրընկալվել են «Էրեբունի» ԲԿ Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքում: Եվրոպացի բժիշկները նորաբաց բաժանմունքի ղեկավար Ներսես Բերբերյանի, Ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Հայկուհի Գյոկչյանի և «Եվրոպա Դոննա Արմենիա» Հ/Կ նախագահ Նվարդ Քոչարյանի ուղեկցությամբ շրջել են նորաբաց բաժանմունքում` ծանոթացել աշխատանքային պայմաններին: Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքն ապահովված է նորագույն սարքավորումներով եւ պատրաստ է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարել աշխարհի լավագույն կլինիկաներում կիրառվող բուժման մեթոդներով` կրծքագեղձի ախտորոշումից մինչև բարդ վիրահատություններ հնարավոր է իրականացնել մեկ վայրում: Եվրոպացի բժիշկները նաև բուժման տարբեր փուլերում գտնվող ու կրծքագեղձի խնդիրներ ունեցող հիվանդների են լսել` ծանոթացել նրանց բուժման ընթացքին, գործընկերների հետ էլ` քննարկել վերոնշյալ հիվանդների հետագա բուժումն առավել արդյունավետ կազմակերպելուն առնչվող հարցեր: «Մենք զբաղվում ենք կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետության բարձրացմամբ ամբողջ Եվրոպայում: Շատ լավ հնարավորություն էր գալ Հայաստան եւ հանդիպել հայ բժիշկների հետ: Ուրախ ենք, որ կարող ենք աջակցել նրանց, ինչպես նաև կրծքագեղձի խնդիրներ ունեցող մարդկանց», -Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շվեցարիայի Լուգանոյի համալսարանի կրծքագեղձի դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Օլիվիա Պագանին: Եվրոպացի բժիշկները քննարկել են հայ գործընկերների հետ բարդ դեպքերն ու եկել այն համոզման, որ լավագույն բուժում է իրականացվել: Ուռուցքաբանության եվրոպական դպրոցի գիտական գծով նախագահ, պրոֆեսոր Պեդրո Պեկատորիի խոսքով ինքը տպավորված է նորաբաց բաժանմունքով ու հայ գործընկերների մասնագիտական բարձր գիտելիքներով: Ուռուցքաբանության եվրոպական դպրոցը հիմնադրվել է 25 տարի առաջ` գլխավոր առաքելությունը համարելով տարբեր երկրների ուռուցքաբաններին աջակցելը: Եվրոպացի մասնագետի համոզմամբ այս համագործակցությունը շարունակական կլինի: ««Եվրոպա Դոննա Արմենիա»-ն լինելով «Եվրոպա Դոննա» կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի կոալիցիայի ներկայացուցիչը Հայաստանում մշտապես կազմակերպում է տարբեր միջոցառումներ` բժշկական հետազոտություններ, տեղեկատվական բնույթի հանդիպումներ հասարակության տարբեր շերտերի հետ և այլն: Այս անգամ նախաձեռնել էինք եվրոպացի մասնագետների հանդիպումը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների հետ և վստահ եմ, որ այն արդյունավետ էր, թե բժիշկների, թե կրծքագեղձի խնդիրներ ունեցող կանանց համար», - ասել է Հ/Կ նախագահ Նվարդ Քոչարյանը: «Էրեբունի» ԲԿ Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ներսես Բերբերյանի համոզմամբ էլ աշխարհի զարգացած երկրների կլինիկաներում իրականացվող հետազոտությունների արդյունքում անընդհատ փոխվում են բուժման արդյունավետությանը միտված մոտեցումները և այդ փորձը ուսանելու, կիրառելու խնդիր ունենք: «Փորձում ենք վերապատրաստմանը միտված տարբեր խորհրդաժողովներին մասնակցելով կիրառել նոր մոտեցումները: Յուրաքանչյուր հիվանդի համար առանձին մոտեցում է պահանջվում և մեր նպատակն ու գերխնդիրն այդ բուժումն ամենաբարձր մակարդակով իրականացնելն է: Ճիշտ և արդյունավետ բուժմանը զուգահեռ Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայության համար վիրահատության ընթացքում գլխավոր խնդիրներից է կնոջ կյանքը փրկելուց բացի ուշադրություն դարձնել նաեւ էսթետիկ կողմին` կրծքագեղձի պահպանմանը` ինչը շատ կարեւոր է յուրաքանչյուր կնոջ համար»,-իր խոսքը եզրափակել է Ն. Բերբերյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր