211652_close_icon
views-count2591 դիտում article-date 23:04 14-11-2018

Զանգվածային հրաձգությունը լրջորեն անհանգստացնում է ամերիկացիներին

ԱՄՆ-ի տարածքում գրանցված զանգվածային հրաձգության դեպքերը չեն նվազում՝ ստեղծելով նոր իրականություն, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4657135.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Նոր սերունդների համար դրանք արդեն արտառոց չեն թվում: Քաղաքացիները պահանջում են լուծումներ օրենսդիրներից: Քայլա Սենֆորդը վերապրել է Լաս Վեգասի զանգվածային հարձակումը: Վերջերս Կալիֆոռնիայի Թաուզանդ Օքս քաղաքի գիշերային բարում տեղի ունեցած զանգվածային հրաձգության պատկերները շատ լավ ծանոթ են վերջինիս: Նա արյուն էր հանձնել օգնության համար, սակայն երբեք չէր մտածի, որ մեկ այլ զանգվածային սպանության դեպք կարող էր տեղի ունենալ այսքան մոտ իրեն: «Դժվար է այս ամենի մասին նորից լսելը: Ցավն այն է, որ երեւույթը գնալով սովորական է դառնում»,- ասում է Քայլան: Այս ամենը խորը հետք է թողել նրա կյանքում: «Այսօր երկու անգամ եմ մտածում, նախքան ինչ որ տեղ գնալը, նույնիսկ խանութ կամ առևտրի կենտրոն»,- նշում է Քայլան: Զանգվածային հրաձգության դեպքերը մտահոգում են շատերին: «Սա ահաբեկչություն է: Մենք մշտապես վախի մթնոլորտում ենք ապրում: Պետք է իրերը կոչենք իրենց անունով: Մենք վախի մթնոլորտում ենք ապրում սեփական երկրի սահմաններում»,- նշում է երեք երեխաների մայր Գրեյս Ֆիշերը: Նա պահանջում է օրենսդիրներից միջոցներ ձեռնարկել զենքերի շրջանառության վերահսկողության ուղղությամբ: Նա վախենում է իր երեխաների համար, քանի որ զանգվածային սպանությունների դեպքերը չեն նվազում: «Այս խնդիրը միանշանակ չէ եւ պարզ լուծում չունի : Սակայն ասել, որ զենքի ազատ վաճառքը խնդիր չի հանդիսանում, ըստ իս ակնհայտը չնկատելու փորձ է»,- ասում է Ֆիշերը: Ամերիկյան հասարակությունը շարունակում է ակտիվ պայքարել զանգվածային հրաձգության դեմ՝ փորձելով լուծումներ գտնել այս նոր իրականության պայմաններում: Նրանց համար զգուշավորությունը դարձել է սովորական երևույթ, ինչը նրանք փոխանցում են նաև իրենց երեխաներին:

Նմանատիպ նյութեր