211652_close_icon
views-count1667 դիտում article-date 22:24 13-11-2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահը քննարկել են համագործակցությունը մի շարք ծրագրերում

Նոյեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնել է Միությանը Հայաստանում և Սփյուռքի համայնքներում իրականացվող հայրենաշեն ու ազգօգուտ ծրագրերի, ինչպես նաև Հայ Եկեղեցու գործունեությանը մշտապես աջակցելու համար: Նորին Սրբությունն ընդգծել է, որ Հայոց Եկեղեցու առաքելությունն ուղղված է hայրենիքում և Սփյուռքում հայ ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը, մեր ժողովրդի միասնության ու համերաշխության ամրապնդմանը, ազգային-հոգևոր արժեհամակարգի անաղարտ պահպանմանը: Տիար Պերճ Սեդրակյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է անցած մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում և Սփյուռքի համայնքներում ՀԲԸՄ կողմից իրականացված նախաձեռնությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև որոշ ընդհանուր նկատառումներ` համայնքային կյանքի արդյունաշատ կազմակերպման վերաբերյալ։ ՀԲԸՄ նախագահը հաստատել է, որ Բարեգործական Ընդհանուր Միությունը մշտապես շարունակելու է զորակցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությանը և ազգանպաստ ծրագրերին, ինչպես նաև Սփյուռքի ազգային ինքնության և հայապահպանության ուղղված ջանքերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են Հայ Եկեղեցու պատմական անցյալին և ներկա իրավիճակին, մեծապես կարևորվել է եկեղեցու դերակատարությունը հայ ժողովրդի ապագայի կերտման գործում: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին և զարգացումներին:

Նմանատիպ նյութեր