211652_close_icon
views-count3292 դիտում article-date 15:50 13-11-2018

Սիրիա մեկնող ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության խումբը չի շեղվի իր առջև դրված խնդրից

ՀՀ Զինված ուժերի կողմից Սիրիա գործուղվող խմբի առաքելությունը բացառապես հումանիտար է, և այն ոչ մի միլիմետր չի շեղվի դրանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Սիրիայի հետ կապված մեր քաղաքական նպատակը աջակցելն է Հալեպի, Սիրիայի հայ համայնքին, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան խաղաղ կյանքին: Այդ խումբն ունի բացառապես հումանիտար առաքելություն, որի հասցեատերը Սիրիայի հայ համայնքն է, կոնկրետ՝ հալեպահայությունը, որովհետև այսօր, ինչպես նախկինում, հայության մեծամասնությունը կենտրոնացված է Սիրիայում: Կային մտահոգություններ, որ միջազգային մեր գործընկերների կամ նրանց մի մասի համար անընդունելի կլինի այսպիսի առաքելության իրականացումը: Բայց մենք ունենք ըմբռնում իմ ձևակերպած առաքելության շրջանակներում, և մեր բոլոր գործընկերները ըմբռնմամբ են մոտենում մեր ցանկությանը: Մենք կիրականացնենք այդ առաքելությունը ճշգրիտ մեր նկարագրածի շրջանակում, և ոչ մի միլիմետր դրանից ավելի»,- ասաց Փաշինյանը: Հումանիտար առաքելության խմբի ծախսերը կիրականացվեն ՀՀ բյուջեով նախատեսվածի շրջանակում: «Այդ ծրագիրը մենք կիրականացնենք ՀՀ բյուջեով նախատեսված շրջանակում և, բնականաբար, մենք այդ ամենը նախատեսել ենք, որ պատշաճ ձևով իրականացվի: Ծրագիրն իրականացնելիս պետք է զուգահեռ իրականացվեն նաև դրա համար անհրաժեշտ բոլոր տեխնիկաֆինանսական միջոցները, և ապահովվի ամենը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ում կողմից է եղել այդպիսի ծրագիր իրականացնելու առաջարկը: «Առաջինը՝ նպատակի ձևակերպումն է, և այդ նպատակը, ըստ էության, շատ երկար ժամանակ ձևակերպվում է թե Սիրայի հայության կողմից, թե Հայաստանի հանրության կողմից, և մենք անընդհատ տարբեր կառույցների առաջ, այդ թվում և՛ Ռուսաստանի, և՛ Սիրիայի կառավարությունների առաջ հարց ենք բարձրացրել՝ Սիրիայի մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները լուծելու առումով, այդ թվում հումանիտար ու ականազերծման: Այդ քննարկումների արդյունքում ծագել է գաղափար, որ քանի որ Սիրիայում իրավիճակը փոխվել ու փոխվում է, և, ըստ էության, կարծես թե, պրոցեսները պարզ են, թե ինչ ուղղությամբ են գնում, պետք է պատրաստվել խաղաղ կյանքի: Այդպես ծագել է գաղափարը, որ մենք էլ մեր ներդրումն ունենանք կոնկրետ հալեպահայության խաղաղ կյանքի համար որոշակի դաշտ ստեղծելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր