211652_close_icon
views-count2771 դիտում article-date 16:48 13-11-2018

14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդավական փողոցի շենքերից մեկի 34.6 քմ մակերեսով բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով կտրամադրվի Վիրաբ Շաբոյանի 15 անձից բաղկացած ընտանիքին: Այս մասին որոշում է կայացվել Երևանի ավագանու հերթական նիստում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, ներկայացնելով որոշման նախագիծն՝ ասաց, որ քաղաքացի Վիրաբ Շաբոյանը, կնոջ՝ Աննա Ասլանյանի և տասներեք երեխաների հետ բնակվել են այլ հասցեում վարձակալական հիմունքներով, սակայն 2017 թվականից բնակարանի համար վարձակալության վճար կատարելու հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ բնակություն են հաստատել Մոլդավական փողոցի հ.29/4 շենքի պետական սեփականություն հանդիսացող բնակության համար չնախատեսված նկուղային տարածքում: «Քաղաքացի Վիրաբ Շաբոյանը հանդիսանում է 1990-1993 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանների և Արցախի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակից»,-ասաց նա:: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ խնդիրները շատ են, և բնակարանների պահանջարկը շատ մեծ է: «Մենք ստացել ենք ժառանգություն այն, ինչ ունենք: Պետք է արդար մեխանիզմ մշակվի և ընկալելի ու ընդունելի լինի հանրության համար: Մենք մշակում ենք մեխանիզմներ, որ մասնավորների հետ համագործակցության առումով ունենանք ավելի մեծ բնակարանային ֆոնդ»,-ասաց նա: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ հավելեց, որ կան այժմեական խնդիրներ, որոնք պետք է լուծել այսօր: «Բնակելի ֆոնդը քաղաքականություն է, ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական խնդիր է»,-ասաց նա՝ ընդգծելով, թե բնակիչներին բնակելի ֆոնդով ապահովելու միակ ճանապարհն այն է, որ մենք մեր շինարարական, ճարտարապետական մտածողությունը մոտեցնենք գոնե 20-րդ դարի վերջին:

Նմանատիպ նյութեր