211652_close_icon
views-count11197 դիտում article-date 18:00 10-11-2018

Երբեք չեմ զղջացել, որ դասական ոճում եմ հանդես գալիս. Արևիկ Թանաշեան (Լեոնորա). ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Յուրաքանչյուր երկրի մշակութային հարցերով զբաղվող մարդիկ պարտավոր են գիտակցել իրենց բաժին հասած պատասխանատու և դժվարին աշխատանքի լրջությունը, քանի որ մշակույթը երկրի դեմքն է: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց դասական երգչուհի Արևիկ Թանաշեանը: Արևիկը միշտ գտնվում է պրպտումների և ստեղծագործական բուռն կյանքի մեջ և որպես արվեստագետ սիրում է զարգացնել իր միտքը, որը հետագայում ամբողջությամբ հանձնում է հանդիսատեսի դատին: Այն հարցին, թե արդյո՞ք որևէ անգամ զղջացել է, որ երգարվեստի այս ճյուղում է հանդես գալիս, քանի որ քչերն են կարողանում հասկանալ ու հետևել դասական երաժշտությանը, երգչուհին պատասխանեց. «Դասական երաժշտությունը ի սկզբանե եղել է, և իր հետքն ու խորը զարգացումն է թողել հայ մշակույթի զարգացման մեջ: Տարիների ընթացքում այն կերտել է մի շարք դասական կերպարներ, որոնք իրենց խնկարկումն են ունեցել հայ օպերային արվեստի զարգացման գործում: Ես չեմ կարող ասել և պնդել այն հանգամանքը, որ Հայաստանը զրկված է դասական ոճի երաժշտության սիրահարներից: Ճիշտ է, այդ խավը կազմում է փոքրամասնություն, սակայն նույնիսկ այդ փոքր մասնիկը սիրում է ճաշակել գրագետ, հասուն և զարգացած դասական երաժշտություն: Ես՝ լինելով դասականի սիրահար, նվիրյալ երբեք չեմ տարակուսել, քանի որ սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ ընտրած երգարվեստի բնագավառը, և երբեք չեմ մտածել փոխել իմ ընտրած ուղին»: Արևիկի խոսքով՝ մշակույթով է հարստանում ոչ միայն անհատը, այլ նաև երկրի կենցաղը, առօրյան և սերունդների դաստիարակությունը: «Յուրաքանչյուր երկրի մշակութային հարցերով զբաղվող մարդիկ պարտավոր են գիտակցել իրենց բաժին հասած պատասխանատու և դժվարին աշխատանքի լրջությունը, քանի որ մշակույթը երկրի դեմքն է: Ես կուզենայի, որ ավելի լուրջ զբաղվեին մշակութային այնպիսի արժեքների և կոթողների պահպանմամբ, որոնք իրոք դրա կարիքը ունեն: Այսօր շատ քիչ են ժամանակակից սերունդին ծանոթ հայկական մշակութային ավանդական ծիսակատարությունները, ծիսական երգերը և պարերը: Իմ ցանկությունն է, որ նորից արթնանան այնպիսի արժեքներ,որոնք են կարպետագործությունը, ծիսական երգերի ուսուցումը և այդ ավանդույթների վերականգնումը դառնա մեր առօրյայի մասնիկ: Ես դեմ չեմ նորամուծությունների, վերջիվերջո, պարտավոր ենք քայլել ժամանակին համընթաց, սակայն կուզենայի արդիականին նաև զուգակցել հինը, ավանդականը՝ պահպանելով մեր ամենաթանկը, ամենագեղեցիկը»,-ասաց նա: 2016 թվականից սկսած Արևիկ Թանաշեանը հանդես է գալիս միջազգային մրցույթներում՝ որպես միջազգային ժյուրի: Ստորև ներկայացնում ենք երգչուհու վերջին երկու տարվա անցած ճանապարհը, որը հարուստ է համերգներով ու պատվավոր մրցանակներով: -2017թ. Հոկտեմբերի 3-ին Անուշ օպերայի 105-ամյակին՝ մարմնավորել է Անուշի դերերգը, Գյումրու պետական սինֆոնիկ նվագախմբի հետ՝ համերգային կատարումով: -2017թ. նոյեմբերի 1-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ հանդես է եկել ազգային, հայրենասիրական, ժողովրդական և գուսանական երգերով, որի ողջ հասույթը նվիրաբերել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: -2017թ. նոյեմբերի 1-ին իր համերգի ավարտին արժանացել է«Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի» «Wapa» (World accociation of performing arts)-ի ոսկե մեդալին: -2017թ. նոյեմբերի 9-ին Գյումրիում ներկայացել է բարեգործական համերգով՝ հասույթը փոխանցելով «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը, Արցախում զոհված, վիրավորված և անապահով ընտանիքներին օգնելու նպատակով: -2018թ. հունվարին Հայոց բանակի 26-ամյակի կապակցությամբ հանդես է եկել բարեգործական համերգով՝ Շիրակի մարզի Ազատան համայնքում անապահով ընտանիքներին օգնելու նպատակով: -2018թ. փետրվարին Հայոց բանակի 26-ամյակի կապակցությամբ «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ միասին համերգով իր մասնակցությունն է բերել Գյումրու N զորամասում՝ նախաձեռնությամբ «Միասնություն հանուն հայության» ՌԲՀ կազմակերպության: -2018թ. մայիսին, հաղթանակների օրվա կապակցությամբ, «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ միասին համերգով հանդես է եկել Շիրակի մարզի Մայիսյան համայնքում: -2018թ. սեպտեմբերին, ՀՀ անկախության 100-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի նվիրված «Հայկական զարդանախշեր» պարախմբի հետ միասին բարեգործական համերգով հանդես է եկել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Համերգի ավարտին արժանացել է Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի «Վաստակավոր արտիստ» կոչմանը: - 2018թ. Հոկտեմբերին Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված 2-րդ համահայկական մրցանակաբաշխությունում արժանացավ՝ տարվա լավագույն մանկավարժի կոչմանը: -2018թ. Հոկտեմբերի 10 հրամանագրով ԿԱՀԱ-ի նախագահ Արման Ղուկասյանի որոշմամբ՝ արժանացել է Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի «Մշակույթի վաստակավոր», «Անահիտ» ոսկե շքանշանի: Դասական երգչուհին այժմ աշխատում է ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում՝ որպես երգարվեստի խմբակի ղեկավար՝ սաներին դաստիարակության մեջ հիմք հանդիսացնելով Կոմիտասի, Եկմալյանի, Նարեկացու պատվիրանները՝ չանտեսելով օտար կոմպոզիտորների թողած ավանդները: «Գեղեցիկ է, երբ մարդու կյանքում գնահատելի են դառնում նրա կատարած աշխատանքները: Յուրաքանչյուր մրցանակի հետ ես բարձրացրել եմ իմ երկրի անունը, դրոշը և պատիվը, իմ հաղթանակները նվիրելով նրան և իմ ազգին: Իհարկե,ինձ համար թանկ է յուրաքանչյուր մրցանակը, քանի որ նրանցից ամեն մեկի հետ ես ունեցել եմ յուրովի զգացողություն՝ հպարտություն, նվիրում,բայց ինձ համար առավել գնահատելի է մարդկային արժեքի բարձրացումը, որը իմ հանդիսատեսի սերն ու նվիրումն է: Բեմում սիրված, լսելի և սպասված լինելը ինձ համար առավել գնահատելի է»,- ասաց երգչուհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր