211652_close_icon
views-count4435 դիտում article-date 23:06 09-11-2018

Կենսաթոշակառուներին կտրամադրվեն մշակութային միջոցառումների անվճար տոմսեր

Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր ազդարարեցին երկու գերատեսչությունների կողմից իրականացվելիք համատեղ ծրագրի մեկնարկը: Նախաձեռնության հիմքում կենսաթոշակի անցած քաղաքացիների մշակութային ժամանցն ապահովելու, ինչպես նաև պետական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու գաղափարն է: «Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների միջոցառումների տոմսերից այսուհետ մենք կտրամադրենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ բացառապես թոշակի անցած քաղաքացիներին անվճար տրամադրելու համար: Ծրագրի մեկնարկը տրվում է այսօր, և այսուհետ յուրաքանչյուր ամիս ծրագրից կարող է օգտվել ամսական շուրջ 2000 թոշակառու՝ այցելելով մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատրոններ և համերգասրահներ»,-հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ գաղափարի շուրջ սիրով միավորվելու համար երախտագիտություն հայտնելով կառավարության իր գործընկերոջը՝ Մանե Թանդիլյանին և մշակութային կազմակերպությունների պատասխանատուներին: «Այս համագործակցության արդյունքում մենք կկարողանանք փոփոխություն բերել մեր ավագ գործընկերների կյանքում: Իհարկե, նրանք արժանի են ավելիին, բայց մենք փորձում ենք մի փոքր ավելի հետաքրքրիր դարձնել նրանց կյանքը այս պահին եղած հնարավորություններով: Ես կարծում եմ, որ կին նախարարների օպերատիվությունն այս անգամ իսկապես տեղին էր, և համոզված եմ, որ արդյունավետ համագործակցությամբ հետագայում ևս հետաքրքիր լուծումներ ենք գտնելու այս ոլորտում»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: Երկու պաշտոնակատարներն էլ ընդգծեցին ծրագրի արդյունավետության բաղադրիչը. «Միջոցառումների ժամանակ դահլիճում մենք հաճախ ենք տեսնում դատարկ աթոռներ: Ստացվում է, որ ծախսվում են միջոցներ, բայց արդյունավետությունը հարյուր տոկոսով չի ապահովվում: Ծրագրի իրականացման համար պետբյուջեից հավելյալ միջոցներ չեն պահանջվելու: Մենք որոշեցինք ավելի արդյունավետ դարձնել պետության ծախսը՝ միաժամանակ հետաքրքիր դարձնելով մեր կենսաթոշակառուների կյանքը»,-պարզաբանեց Լիլիթ Մակունցը: Նրա տեղեկացմամբ՝ թոշակառուների համար նախատեսված տոմսերի վրա երեք լեզուներով նշված է լինելու՝ ենթակա չէ վաճառքի: Այս կամ այն մշակութային կառույցի տրամադրած տոմսերի քանակը պայմանավորված է կոնկրետ կառույցի՝ թատրոնի կամ համերգասրահի հնարավորություններով: Տոմսը հասցեատիրոջը հասցնելու գործառույթը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է: Կենսաթոշակի անցած քաղաքացիների մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունն այսօր ամրագրվեց նաև հուշագրով:

Նմանատիպ նյութեր