211652_close_icon
views-count3933 դիտում article-date 21:52 09-11-2018

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ բացվել է եգիպտահայ արվեստագետ Ներսես Պիծակյանի անհատական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ բացվել է ծնունդով եգիպտահայ արվեստագետ Ներսես Պիծակյանի անհատական ցուցահանդեսը: Հեղինակի տարբեր ժամանակների 150-ից ավելի բազմաժանր աշխատանքներ՝ քանդակ, գրաֆիկա, կոլաժ, դեկորատիվ եւ կիրառական արվեստ, մեկտեղվել են Թեքեյան կենտրոնում: Հատկապես ուշագրավ են կոլաժները՝ կատարված յուրահատուկ տեխնիկայով եւ ամենաբազմազան բնական նյութերով. օգտագործված են ծաղկի սերմեր եւ թերթիկներ, խոտաբույսեր, փշեր, ծառերի կեղեւներ, չոր պտուղներ, կորիզներ եւ այլն: Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը Լոնդոնից, ինչպես նաեւ բազմաթիվ արվեստագետներ ու արվեստասերներ: Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ողջունելով հյուրերին եւ շնորհավորելով հեղինակին, հույս հայտնեց, որ ցուցահանդեսը կունենա ավելի ընդգրկուն շարունակություն եւ հասանելի կլինի հանրության ավելի լայն շրջանակներին, քանզի ներկայացված աշխատանքները բացառիկ են ու տպավորիչ: Տնօրենը նաեւ շնորհակալություն հայտնեց հիմնադրամի նախագահ Վ. Ուզունյանին, ով, լինելով մեծ արվեստասեր, մշտապես աջակցում է նման ձեռնարկների իրականացմանը: Հեղինակ Ներսես Պիծակյանը, իր երախտագիտությունը հայտնելով «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամին՝ ցուցահանդեսի հովանավորին, նման առիթ ընձեռելու համար, մասնավորապես նշեց. «Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է այսօր: 50 տարիների ընթացքում մեծ համբերությամբ ու սիրով ստեղծված այս բազմաժանր հավաքածուն ներկայացված է հանրությանը: Ստեղծագործել սկսել եմ շատ երիտասարդ տարիքից: Նախ զբաղվել եմ կերամիկայով, ցուցադրվել եմ նկարիչների միությունում, ապա ստեղծել եմ աշխատանքներ բույսերից, սերմերից, ծաղիկներից, որոնք հավաքել եմ Հայաստանի տարբեր լանդշաֆտներից: Իսկ վերջերս անցել եմ գրաֆիկայի, որի վերջին գործերից են՝ «Հիշատակ կնոջս» եւ «Զարմանք», որը նվիրված է Հայաստանի նոր իրողություններին»: Հայ լուսանկարիչ Վահան Քոչարը բարձր գնահատանքի արժանացրեց Պիծակյանի ինքնատիպ եւ բազմաոճ արվեստը, ինչպես նաեւ հակիրճ ներկայացրեց նրա անցած ուղին. Ծնվել է 1946թ. Կահիրեում, Եգիպտոս: 1951-1958թթ. սովորել է Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում 1958-1962 թթ. սովորել է Իտալիայի Don Bosco Instituto Salesiano կրթական հաստատությունում 1963թ. տեղափոխվել է Երեւան 1966-1970թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում 1971-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում 1973-2013թթ. աշխատել է Երեւանի բուսաբանական այգում որպես ավագ գիտաշխատող, ինժեներ-դեկորատոր 1979թ. երիտասարդ նկարիչների միության անդամ է 1989թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի կոչում՝ «Տարբեր լանդշաֆտների դեկորատիվ բույսերի բնական էլեմենտների կիրառումը ՀՀ-ում» գիտական աշխատանքի համար /Ս.Պետերբուրգ, Ռւսաստան/ 2012-2015թթ. դասավանդել է ՀՀ ազգային ճարտարապետական համալսարանում՝ «Լանդշաֆտային ճարտարապետություն եւ էկոլոգիա» Նշենք որ, ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում կգործի մինչեւ ս.թ. նոյեմբերի 17-ը: Մուտքն ազատ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր