211652_close_icon
views-count2631 դիտում article-date 15:40 09-11-2018

ՀՀ Վարդենիս եւ Ֆրանսիայի Ռոման քաղաքների միջեւ հաստատվում է նոր համագործակցություն

Ֆրանսիայի Հանրապետության Ռոման եւ Հայաստանի Հանրապետության Վարդենիս քաղաքների միջեւ կհաստատվի նոր համագործակցություն, որի մասին փոխադարձ համաձայնագիրը կվավերացվի մոտակա օրերին Վարդենիս քաղաքում նախատեսված երկկողմանի հանդիպման ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակազմից, Վարդենիս-Ռոման համագործակցության համաձայնագրի թարմացմանը, որը կնքվել է 1994 թվականից եւ որի ժամկետն ավարտվել է 2018 թվականին, նախորդել է Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակության այցը Ռոման քաղաք: «Ռոմանում Արամ Հարությունյանը հանդիպեց քաղաքապետ Մարի Հելեն Թորավալի հետ, քննարկվեցին համագործակցության հետագա ծավալման ուղղությունները եւ զարգացման ոլորտները, ինչպես նաեւ երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ նպաստավոր միջավայր ստեղծելու գործընկերային եւ հասարակական կազմակերպությունների, համալսարանների եւ այլ հաստատությունների փոխհամագործակցության համար: Ռոմանի քաղաքապետ տիկին Մ.Հ. Թորավալի հրավերով Վարդենիսի պատվիրակությունը մասնակցեց Դոֆինե ցուցահանդես-տոնավաճառին, ծանոթացավ Ռոմանի պատմամշակութային արժեքներին: Աշխատանքային ծրագրով հանդիպումներ եղան այլ բարձրաստիճան ղեկավարների, Ռոմանի հայ համայնքի հետ, կանխորոշվեցին Ռոմանի եւ Վարդենիսի քաղաքացիների միջեւ բարեկամության ամրապնդման հետագա անելիքները: Համագործակցությունը հիմնականում կընթանա զբսաշրջության, կրթության, մշակույթի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Համագործակցության պայմանագիրը կստորագրվի Վարդենիսի համայնքապետարանում, նոյեմբերի 14-ին»,-հավաստեց Վարդենիսի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական աջակցության բաժնի վարիչ Կարինե Ասատրյանը:

Նմանատիպ նյութեր