211652_close_icon
views-count1438 դիտում article-date 16:22 08-11-2018

ՄԱԿ-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են խորհրդարանում

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը եւ հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը նոյեմբերի 8-ին հանդիպել են ՄԱԿ-ի խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքի իրացման վիճակի գնահատման եւ 2019թ. կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին ներկայացվելիք զեկույցի պատրաստման շրջանակում: Ռուստամ Մախմուդյանը եւ Գեւորգ Պետրոսյանը ներկայացրել են Հայաստանում հավաքների ազատության իրացման իրավական երաշխիքները, իրականացվող ժողովրդավարական գործընթացները, մարդու իրավունքների, հատկապես խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի պաշտպանության ու ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը: Անդրադառնալով «Հավաքների ազատության մասին» օրենքին՝ խորհրդարանականները նշել են, որ վերջին շրջանում այն թեպետ ամբողջովին չի փոխվել, սակայն տարբեր ձեւաչափերով որոշակի փոփոխություններ եղել են: Ընդգծվել է, որ մեր երկրում ժողովրդավարության խորացման ու ամրապնդման գործընթացները մշտական բնույթ ունեն: Այս համատեքստում նրանք փաստել են` տեղի ունեցած անցնցում իշխանափոխությունը վառ ապացույց էր, որ Հայաստանում ժողովրդավարությունը հիմնովին կայացած ինստիտուտ է, անշեղորեն պաշտպանվել է քաղաքացիների խաղաղ հավաքների սահմանադրական իրավունքը:

Նմանատիպ նյութեր