211652_close_icon
views-count4008 դիտում article-date 13:07 08-11-2018

ՀՀ նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26. Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ին, իր նիստում հավանություն տվեց ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26 տեղափոխելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Կառավարությունում, մասնավորապես, քննարկվեց մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկվում է ընդլայնել ՀՀ նախագահի լիազորությունները: Փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ «Պաշտոնատար անձանց գործունեության սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել, որով նշվում է, որ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ, կառավարության տուն համար 1: Նաեւ առաջարկվում է օրենսդրական փոփոխություն կատարել, որը թույլ կտա քաղաքացիություն շնորհելու եւ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները մարդիկ կարող են ներկայացվել նաեւ ՀՀ նախագահին: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է, որ պետական եւ պատվավոր կոչումները կարող են շնորհվել նաեւ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ: Բացի այդ, ներման խնդրագրեր մարդիկ կարող են ներկայացնել նաեւ անմիջապես ՀՀ նախագահին: Այս առնչությամբ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց. «Մենք բազմիցս խոսել ենք, որ պետք է ընդլայնել ՀՀ նախագահի լիազորությունները: Ես գիտեմ, որ կա տեսակետ, որ մասնավորապես, ներման դեպքում կարող է առաջանալ սահմանադրականության խնդիր եւ ըստ էության, ըստ այդ տեսակետի, առաջարկվող փոփոխություններն ավելին են, քան թույլ է տալիս Սահմանադրությունը»: Արտակ Զեյնալյանն էլ նկատեց, որ Սահմանադրությունը նվազագույն շեմն է սահմանել, որը կարող է ընդլայնվել օրենքով: Նա առաջարկեց մեկ օր ժամանակ տրամադրել, որ նախագծում ավելացվի, որ ՀՀ նախագահը կարող է ներում շնորհել ոչ միայն դատապարտված անձի, այլեւ երրորդ անձանց դիմումների հիման վրա: Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը նշեց, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասը չէր ընդունվել: ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն էլ հարցրեց, թե ինչպե՞ս է կարգավորվելու արարողակարգը, օրինակ ինչպես պետք է վարչապետը հյուրեր ընդունի՝ հաշվի առնելով, որ կառավարության շենքը տարածք չունի եւ հարմարացված չէ հյուրերի արարողակարգը ապահովելու համար: Արտըակ Զեյնալյանը նշեց, որ պաշտոնական ընդունելությունները, մասնավորապես, ռազմական շքերթները կարող են կազմակերպվել օդանավակայանում եւ նախագիծը այդ լուծումները չի տալիս: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նկատեց, որ նախագիծը առաջարկվող կողմի՝ նախագահի աշխատակազմի սրտով չէ, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ նախագիծը բավարար չափով քննարկված չէ եւ կոմիտեի նիստում պետք է քննարկել: Այսպիսով, որոշում կայացվեց ՀՀ նախագահի նստավայրը փոփոխելունությանը վերաբերող մասով հավանություն տալ, իսկ մնացած նախագծերն առկախել, եւս մեկ անգամ քննարկելու համար:

Նմանատիպ նյութեր