211652_close_icon
views-count4100 դիտում article-date 22:42 07-11-2018

Մեկնարկում է «Թանգարանային շաբաթ» ծրագիրը

Այս տարի նշվում է Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի հիմնադրման 15-ամյակը և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի 10-ամյակը: Երկու կազմակերպություններն էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում մեծ դեր են խաղացել թանգարանային ոլորտի արդիականացման և զարգացման գործում: ԻԿՕՄ Հայաստանը և Թանգարանների ասոցիացիան, ՀԲԸՄ Հայաստանի հետ համատեղ՝ նոյեմբերի 8-14-ը Երևանում իրականացնում են «Թանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները» խորագիրը կրող միջոցառումների շարքը։ Ողջունելով թանգարանային շաբաթ ծրագրի մեկնարկը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Թանգարանային շաբաթ» ծրագիրը նպատակ ունի Հայաստանի թանգարաններին, ընկերություններին, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել քննարկելու նոր համագործակցության ու փոխինտեգրման հնարավորությունները: Մաղթում եմ արդյունավետ աշխատանք ծրագրի կազմակերպիչներին, կամավորներին և հուսով ենք, որ այս մշակութային շաբաթը կնպաստի թանգարանային ոլորտի արդիականացմանն ու զարգացմանը, միջազգային փորձի փոխանակմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը»: «Ես նույնպես ողջունում եմ «Թանգարանային շաբաթ» ծրագիրը, որը համատեղ կազմակերպել են ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեն և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան: Կարևորում եմ, հատկապես, ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակում ՀԲԸՄ և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող դասընթացը, որին կարող են մասնակցել թանգարանային ոլորտի ՀԿ-ների, արվեստի այլընտրանքային տարածքների ներկայացուցիչները, արվեստի ասոցիացիաների կամ այլ մշակութային հաստատությունների աշխատակիցները»,- հավելել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Նրա խոսքով սույն դասընթացը հնարավորություն կտա մշակույթի գործիչներին և ղեկավարներին զարգացնել բրենդինգի ոլորտում հմտությունները և կոնկրետ օրինակների միջոցով ծանոթանալ նորարարական հնարավորություններին և ուսումնասիրություններին: «Թանգարանային շաբաթը» ներառում է հետևյալ միջոցառումները՝ ◆ MUSExpo 2018-12-14-ը նոյեմբերի, ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահ. MUSExpo-ի նպատակն է ապահովել զբոսաշրջության և թանգարանային ոլորտների մասնագետների հանդիպման մի ուրույն հարթակ, որտեղ կքննարկվեն թանգարանները զբոսաշրջային երթուղիներում ներառելու նոր հնարավորությունները: ◆ ՖՈՐՈՒՄ-12-14-ը նոյեմբերի, ՀԲԸՄ Հայաստան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Գրականության և արվեստի թանգարան. Ֆորումի շրջանակում կձևավորվի վեց թեմատիկ կլոր սեղան, որտեղ, միջազգային փորձագետների օգնությամբ, կհամախմբվեն թանգարանային, կորպորատիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթական, զբոսաշրջային և այլ ոլորտների համապատասխան մասնագետները: ◆ Թեմա. ԻԿՕՄ-ի տարածաշրջանային դասընթաց «Թվային հաղորդակցությունը թանգարաններում և հանրության բարեկեցությունը», 08-10-ը նոյեմբերի, Գաֆեսճէան արվեստի կենտրոն. ԻԿՕՄ-ի նախաձեռնությամբ՝ 2018 թ. թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրություն»: ԻԿՕՄ-ի աջակցությամբ՝ «Թվային հաղորդակցությունը թանգարանում և հասարակության բարեկեցությունը» թեմայով տարածաշրջանային դասընթացը Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի թանգարանային աշխատակիցների համար կվարեն փորձագետներ Նատալյա Տոլստայան (ADIT, Ռուսաստան) և Էլեյն Էդդինգթոնը (Գլազգո Թանգարաններ, Մեծ Բրիտանիա): ◆ Թեմա. «Բրեդինգը և նորարարությունը մշակութային կազմակերպությունների համար» ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից, ֆինանսավորվում է ԵՄ կողմից: 9-11-ը նոյեմբերի, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ. ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակում ՀԲԸՄ և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող և ԵՄ կողմից ֆինանսավորվող այս ծրագրի շրջանակում հրավիրվում են թանգարանային ոլորտի ՀԿ-ների, արվեստի այլընտրանքային տարածքների ներկայացուցիչներին, արվեստի ասոցիացիաներին կամ այլ մշակութային հաստատությունների աշխատակիցներին նոյեմբերի 9-11-ը մասնակցելու եռօրյա ինտենսիվ սեմինարին։ Սույն դասընթացը հնարավորություն կտա մշակույթի գործիչներին և ղեկավարներին զարգացնել բրենդինգի ոլորտում հմտությունները և կոնկրետ օրինակների միջոցով ծանոթանալ նորարարական հնարավորություններին, ուսումնասիրություններին, գործնական աշխատանքային փորձառությամբ և ձեռք բերված գիտելիքներով ներշնչվել, ստեղծագործել ու գործել: «Թանգարանային շաբաթն» իրականացվում է մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ և աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր