211652_close_icon
views-count5806 դիտում article-date 21:12 05-11-2018

Վրաստանում հրաժարվել են մարիխուանա աճեցնելուց

Մարիխուանայի աճեցմանը վերաբերող օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները հանդիպել են համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին, գրում է [url=https://jam-news.net/?p=131135&lang=ru]JamNews[/url]-ը։ Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գիորգի Կոբախիձեն, հոգևորականների և հասարակության դիրքորոշումից բացի հաշվի է առնվել նաև նախագահի իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի դիրքորոշումը, որը նույնպես դեմ է այս նախագծին։ «Մեր կուսակցության ներսում ի սկզբանե տարբեր դիրքորոշումներ կային։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ցանկացած որոշում կայացվելու է լայն խորհրդատվությունների հիման վրա և համաձայնեցվելու է եկեղեցու հետ։ Այդ խոստումը մենք կատարել ենք։ Սալոմե Զուրաբիշվիլին սկզբունքային դիրքորոշում է արձանագրել, որ, ելնելով հասարակության տրամադրություններից, աննպատակահարմար կլիներ հետաձգել որոշման ընդունումը։ Հետևաբար, մենք այդ որոշումը հիմա ենք կայացրել և հետ ենք կանչել նախագիծը», — ասել է Կոբախիձեն։ Սեպտեմբերի 11-ին Վրաստանի կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ էր hանդես եկել, որի համաձայն՝ Վրաստանում թույլատրվում է մարիխուանա աճեցնել հետագայում բժշկական և կոսմետիկ նպատակներով արտահանելու համար։ Նախագիծը մշակվել է ներքին գործերի նախարարության հետ։ Օրինագծում ընդգծվում էր, որ Վրաստանում մարիխուանան աճեցվելու է միայն բժշկական և կոսմետիկ նպատակներով արտահանելու համար։ Դրան հետևեց Վրաց ուղղափառ եկեղեցու և հասարակության մեծ մասի դժգոհությունը։ Հոկտեմբերին փաստաթղթի քննարկումը կասեցվել էր, բայց հետ չէր կանչվել։ Այն ժամանակ Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանում օրինագծի քննարկմանը կվերադառնան ընտրություններից հետո։ Վերջերս իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խոստովանել է, որ անձամբ է մասնակցել Վրաստանում բժշկական նպատակներով մարիխուանա աճեցնելու գաղափարի մշակմանը։ Նրա խոսքով՝ մարիխուանայի արտահանումը Վրաստանին հնարավորություն կտար տարեկան մեկ միլիարդ դոլար վաստակել (Վրաստանի ՀՆԱ գրեթե 6%-ը):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր