211652_close_icon
views-count4412 դիտում article-date 11:10 04-11-2018

Հերոսները չեն մեռնում, նրանք հավերժանում են մեր սրտերում. հայկական սպորտի ներկայացուցիչների ցավակցական խոսքերը Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Հայկական սպորտի ներկայացուցիչները իրենց ցավակցությունն են հայտնել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: «Ավա՜ղ, երբ դու հեռացար, շուրջս մի տեսակ դատարկություն եմ զգում, անասելի սառնություն, թանկ ու հարազատ ընկերոջ անդառնալի բացակայություն…բայց քո հետ կապված լավագույն հիշողություններս ինձ ուժ են տալիս: Լույսերի մեջ մնաս, իմ հոգատար ու սրտացավ ընկե՛ր, փառապանծ ու լեգենդար ծանրորդ: Հերոսները չեն մեռնում, նրանք հավերժանում են մեր սրտերում… անմահ ես և դու, Յուրի՛կ ջան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ցավակցական ուղերձում ասել է լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը: Ցավակցանքի իր խոսքն է ասել նաև աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը. «Ցավոք մեզանից հեռացավ հայկական սպորտի ամենավառ մեծություններից մեկը։ Մարդ, ով մի քանի տասնամյակ շարունակում էր կուռք մնալ ամենատարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար։ Տասնյակ հազարավոր երեխաներ և պատանիներ սկսել են զբաղվել սպորտով՝ցանկանալով նմանվել Յուրի Վարդանյանին։ 20-րդ դարի լավագույն ծանրորդներից մեկը ,բազմաթիվ համաշխարհային ռեկորդների հեղինակ,Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։ Մարդ, ով ազատ մուտք ուներ ԽՍՀՄ քաղաքական ղեկավարների մոտ, ընդունված և սպասված էր ամենատարբեր բնագավառների լավագույն ներկայացուցիչների կողմից, ճանաչված էր ամբողջ աշխարհում։ Մարդ,ում մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել... Անչափ շատ կարելի է խոսել Յուրի Վարդանյան մարզիկի մասին։ Եվ դեռ շատ է խոսվելու! Հանգչի՛ր խաղաղությամբ, ԼԵԳԵՆԴ»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է հայկական սպորտի լեգենդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը: Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այդ պաշտոնում է մնացել մինչև 2017թ-ը։

Նմանատիպ նյութեր