211652_close_icon
views-count3215 դիտում article-date 17:27 03-11-2018

Քաղաքապետարանը լինելու է ներդրողների գործընկերն ու աջակիցը. Հայկ Մարությանը հանդիպել է կառուցապատող գործարարների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանում կառուցապատում իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլք: Կարևորելով նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները՝ Երևանի քաղաքապետը ներկայացրել է իր մոտեցումները մայրաքաղաքի կառուցապատման ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ: Քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման հարցում Հայկ Մարությանը կարևորել է գործարար շրջանակների մասնակցությունը և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը լինելու է բոլոր ներդրողների գործընկերն ու աջակիցը: «Մենք պետք է իրար հետ լինենք պարտնյորներ, սա է ամենակարևորը: Շատ ուրախ ենք, երբ գործարարները ծրագրեր են նախաձեռնում և գումարներ են ներդնում: Համոզված եղեք, մեր կողմից արվելու է մաքսիմում ամեն ինչ: Բայց դուք էլ, բիզնեսի համար բնական շահույթ հետապնդելուց բացի, պետք է պահպանեք բոլոր նորմերը, որոնք քաղաքին, մեր բնակիչներին ոչ միայն վնաս չեն տա, այլև օգտակար կլինեն», - նշել է քաղաքապետը: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ոլորտում կատարվող կարգավորումների արդյունքում ինքնաբերաբար կփոխվի քաղաքում կառուցապատում իրականացնելու գաղափարի վերաբերյալ հանրության մոտ ձևավորված բացասական ընկալումը: «Քաղաքը երբեք չի կանգնում, դա նորմալ է: Ուղղակի, կառուցապատումը պետք է տեղավորել օրինականության և տրամաբանության շրջանակների մեջ», - ասել է գլխավոր ճարտարապետը: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են համայնքի հետ աշխատանքների հետ կապված որոշ նկատառումներ, մասնավորապես քաղաքաշինական փաստաթղթերի, ավարտական ակտերի ու տեխնիկական պայմանների տրամադրման գործընթացի վերաբերյալ՝ ակնկալելով պարզեցված համակարգեր կառուցապատողների համար: Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև ապօրինի շինարարության կանխարգելմանը և կրկին ընդգծել, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու ապօրինի կամ քաղաքաշինական նորմերի խախտմամբ ուղեկցվող կառուցապատումը բացառելու հարցում: Հայկ Մարությանը վստահեցրել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ օրինական շինարարության գործընթացը հեշտացնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր