211652_close_icon
views-count3694 դիտում article-date 19:40 02-11-2018

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին: Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ աշխարհահռչակ ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին։ Մեծ է Յուրի Վարդանյանի ավանդը համաշխարհային սպորտի զարգացման գործում։ Բազմաթիվ անգամներ նվաճելով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումները, սահմանելով աշխարհի մի քանի տասնյակ ռեկորդներ, ճանաչվելով աշխարհի լավագույն ծանրորդ՝ նա միշտ բարձր է պահել հայրենի երկրի և հարազատ ժողովրդի անունն ու պատիվը, իր փորձն ու գիտելիքները ծառայեցրել է Հայաստանի Հանրապետության զորացմանն ու բարգավաճմանը: Նա ուներ յուրահատուկ վերաբերմունք Արցախի նկատմամբ և նշանակալի աշխատանք է կատարել ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Այս գործում ունեցած մեծ վաստակի համար Յուրի Վարդանյանը պարգևատրվել էր ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր հայրենակիցներին և նրա բոլոր երկրպագուներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով։ Լեգենդար ծանրամարտիկի անունը միշտ վառ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ»։

Նմանատիպ նյութեր