211652_close_icon
views-count1666 դիտում article-date 16:49 02-11-2018

Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ ԱԳՆ-ի հաջորդ տարվա բյուջեն կազմելիս հիմնվել են այս տարվա բյուջեի թվերի վրա

ԱԳՆ-ին 2019թ.-ի համար անհրաժեշտ է պահպանել բյուջեի կայունություն, այսինքն՝ հիմնվել այն թվերի վրա, որոնք ունեն 2018 ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 2-ին ԱԺ-ում 2019 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքի գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: «Ամռան ընթացքում արդեն նախաձեռնել էինք առաջին քննարկումները: Շատ կարևոր է, որ այս բարեփոխումները լինեն ոչ թե միանձնյա, այլ ընդգրկուն քննարկումների արդյունքում:Մեր քննարկումների արդյունքում եկանք համաձայնության, որ հաջորդ տարվա համար մեզ անհրաժեշտ է պահպանել բյուջեի կայունություն, այսինքն՝ հիմնվել այն թվերի վրա, որոնք ունեինք այս տարվա ընթացքում: Շարունակելով բարեփոխումները հաջորդ տարվա ընթացքում, օգոստոսին կկարողանանք արդեն շատ ավելի հստակ պատկերացում ունենալ մեր բարեփոխումների մասին: Մենք կկարողանանք շատ ավելի հստակեցված մոտենալ բյուջեին՝ բարեփոխումերի կոնտեքստում»,-ասաց Մնացականյանը: Նրա խոսքով՝ օպտիմիզացման ու ռացիոնալիզացման արդյունքում փորձում են շատ մանրակրկիտ հաշվարկել, թե որտեղ է հնարավոր որոշ ձևափոխումներով գտնել այն բանաձևերը, որոնք լավագույնս արտահայտում են իրենց պահանջները դիվանագիտական գործառույթներն իրականացնելու համար: Մնացականյանը շեշտեց՝ բյուջեի նախագծով թվերը սկզբունքորեն արտահայտում են իրենց բյուջետային կայունությունը պահպանելու նպատակ: Նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝բովանդակային քննարկումներ են ունեցել բյուջեն կազմելիս: Նրա կարծիքով՝ ԱԳՆ-ն այն հաստատությունն է, որը անկախության 27 տարիների ընթացքում բերվել է այն պահանջին, որը բխում է սուվերենությունից: «Ձևավորվել է ամուր լավ կառույց՝ իր կադրային կարողություններով, աշխարհում սփռվածությամբ: Մենք այսօր ներգրավվել են մի գործընթացի մեջ, որի միջոցով փորձում ենք օպտիմալացնել, ռացիոնալիզացնել մեր աշխատանքները՝ բարեփոխումներ առաջ բերելով: Հարցը վերաբերում է բարեփոխումներին, ոչ թե կտրուկ վերանայումներին: Պետք է գտնել օպտիմիզացման այն ձևերը, որոնք ավելի կռացիոնալիզացնեն մեր ծախսերը և ավելի պաշտպանելի կդարձնեն մեր հայտերը»,-ասաց Մնացականյանն ու հավելեց, որ բարեփոխումների գործընթացը պահանջելու է ժամանակ, իսկ իրենք դա արդեն սկսել են:

Նմանատիպ նյութեր