211652_close_icon
views-count1421 դիտում article-date 10:18 01-11-2018

Հայաստանում համացանցն ազատ է. Freedom House․ «Ամերիկայի ձայն»

Freedom House-ը հրապարակել է 2018 թվականի համացանցի ազատության մասին իր տարեկան զեկույցը: Այն արձանագրում է աշխարհում համացանցի վերահսկողության աճ: Փոխարենը Հայաստանը կիսով չափ ազատ երկրների շարքից դարձել է համացանցի առումով ազատ երկիր: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4637420.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հայաստանը առաջընթաց է գրանցել համացանցի ազատության առումով և կիսով չափ ազատ կարգավիճակ ունեցողից դարձել է ազատ երկիր, արձանագրում է Freedom House կազմակերպության 2018 թվականի «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը: «Այս առաջընթացի հիմքում է ընկած մեծ մասամբ այն հանգամանքը, որ այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին ակտիվ կիրառվել են թվային գործիքներ»,- ասում է Freedom House կազմակերպության Տեխնոլոգիաների ու ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ադրիան Շահբազին: Զեկույցն ընդգծել է, որ Հայաստանը «կիսով չափ ազատ»-ից բարձրացվեց «ազատ» կարգավիճակի նրանից հետո, երբ երկրի քաղաքացիները հաջողությամբ օգտագործեցին սոցիալական ցանցերը, հեռահաղորդակցման հավելվածներն ու ուղիղ եթերի հանրավորւոյւոնը երկրում այս տարվա գարնանը քաղաքական փոփոխությունների հասնելու համար: Ըստ զեկույցի, որը ուսումնասիրել է համացանցի ազատության առումով իրավիճակը 65 երկրներում, միայն 19 երկրում է գրանցվել առաջընթաց: Ամենամեծ առաջընթացն են գրանցել Հայաստանը և Գամբիան, որի արդյունքում այս երկրներին է տրվել համացանցի ազատության առումով ազատ երկրի կարգավիճակ: Զեկույցում ներկայացված են երկրների կառավարությունների կողմից համացանցի վերահսկողության և ազատության ճնշման տարբեր ձևեր, ներառյալ համացանցի ազատությունը սահմանափակող օրենքների ընդունումը, ակտիվ օգտատերերի նկատմամբ ֆիզիկական բռնության, ձերբակալության դեպքերը, համացանցի արգելափակումն ու այլ միջոցներ: Հայաստանի դեպքում գրանցվել է միայն ակտիվ օգտատերերի կամ բլոգերների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի առկայություն: Այս տեսանկյունից ևս Freedom House-ը արձանագրել է առաջընթաց Հայաստանի պարագայում: «Մենք նաև արձանագրել ենք նվազում իրավական և ոչ իրավական գործողությունների ընդդեմ լրագրողների ու բլոգերների՝ չնայած երկրում ընթացող կարևոր զարգացումների»,- ասում է Շահբազին Եվրասիական տարածաշրջանի երկրներից Վրաստանն ու Հայաստանն են զբաղեցնում համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը որպես ազատ համացանց ունեցող երկրներ: Նրանց են հաջորդում կիսով չափ ազատ Ղրղըզստանը, Ուկրաինան և Ադրբեջանը: Ոչ ազատ համացանց ունեցող երկներն են, ըստ Freedom House-ի, Ղազախստանը, Բելառուսը, Թուրքիան, Ռուսաստանն ու Ուզբեկստանը: Կազմակերպության ներկայացուցիչը լիահույս է, որ այսօր Հայաստանի գրանցած առաջընթացը ժողովրդավարության զարգացման և խոսքի ազատության առումով կլինի շարունակական: «Մենք գիտակցում ենք, որ սա դեռևս սկիզբն է, սակայն հույս ունենք, որ այս ամենը ազդանշան է դրական զարգացումների»,- ասում է Շահբազին: Ընդհանուր առմամբ զեկույցն արձանագրում է աշխարհում համացանցի վերահսկողության մեծացման մտահոգիչ միտում և համացանցի ազատության անկում վերջին 8 տարիների ընթացքում: «Այս տարի մենք հայտնաբերել ենք երեք գլոբալ միտումներ, որոնք բացատրոմ են համացանցի ազատության նվազումը: Այն կապված է Չինաստանի կողմից իր թվային ավտորիտարիզմի մոդելի արտահանման, կառավարությունների կողմից այլակարծությունը ճնշելու նպատակով «կեղծ լուրեր» որակման օգտագործման և իշխանությունների կողմից մարդու անձնական տվյալների հավաքագրման չարաշահման հետ, որը խախտում է անձնական տվյալների գաղտնիության իրավունքը»,- նշել է Շահբազին: Freedom House-ն ընդգծում է, որ նման զարգացումները հակասում են ժողովրդավարության սկզբունքներին: Ըստ կազմակերպության զեկույցի, համացանցային ապատեղեկատվությունն ու քարոզչությունը զգալի վնաս են հասցնում հանրային կարծիքին: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում, որ երկրներից շատերը հետևում են չինական համացանցի վերահսկողության մոդելին և շարժվում դեպի թվային ավտորիտարիզմ:

Նմանատիպ նյութեր