211652_close_icon
views-count1159 դիտում article-date 16:16 31-10-2018

ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանում վարչապետի ընտրության անցկացման վերաբերյալ հայտարարությամբ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի ընտրության անցկացման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»: Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Նրա թեկնածությունն առաջադրել են ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրվել էր նաև վարչապետի ընտրության առաջին փուլում, սակայն դա ֆորմալ բնույթ էր կրում, քանի որ հոկտեմբերի 16-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը սկիզբ դրեց խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացին: Երկրորդ փուլում ևս Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է՝ չընտրվելու կանխավարկածով:

Նմանատիպ նյութեր