211652_close_icon
views-count5085 դիտում article-date 10:19 29-10-2018

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվելու

Վրաստանում երեկ՝ հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով նախագահի պաշտոնի հավակնորդներից և ոչ մեկն առաջին փուլում հաղթելու համար չի կարողացել հավաքել անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ: Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ԿԸՀ-ին, որն այսօր հրապարակել է ընտրական տեղամասերից ստացված քվեաթերթիկների 99,57 տոկոսի տվյալները։ Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում ընտրություններում աջակցում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է ձայների 38,66 տոկոսը, նրա օգտին քվեարկել է մոտավորապես 615 հազար ընտրող: Երկրորդ փուլում Զուրաբիշվիլիի հետ կմրցակցի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, ով հավաքել է մոտավորապես 600 հազար ձայն կամ 37,7 տոկոսը: Երրորդ տեղը զբաղեցրել Է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, ում օգտին ձայն է տվել 175 հազար մարդ կամ 10,97 տոկոսը: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի օգտին քվեարկել է ընտրողների 3,76 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 46,74 տոկոս: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կկայանա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ։

Նմանատիպ նյութեր