211652_close_icon
views-count3220 դիտում article-date 16:58 24-10-2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատարն աշխատանքային այցով Աստանայում է

Առողջապահության նախարարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Աստանայում է, որտեղ մասնակցում է Առաջնային բուժօգնության երկրորդ միջազգային համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահությունից, միջոցառումը կազմակերպվում է Ղազախստանի նախագահի հովանու ներքո` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ և նվիրված է Ալմաթիի դաշնագրի 40-ամյակին: Միջազգային հանդիպմանը մասնակցում են տասնյակ երկրների առողջապահության, ֆինանսների, կրթության, սոցիալական ապահովության նախարարներ, ՄԱԿ-ի անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակներն են հիշատակել Ալմաթիի 1978թ. հռչակագիրը, վերանայել բոլոր անդամ-պետությունների և շահագրգիռ կողմերի քաղաքական պարտավորությունները՝ զարգացնելու առաջնային բուժօգնությունը` առողջապահական համաշխարհային ծածկույթ ստեղծելու և կայուն զարգացման նպատակներին հասնելու նպատակով։ Առաջնային բուժօգնության երկրորդ միջազգային համաժողովի արդյունքում ընդունվելիք փաստաթղթերով երկրները ստանձնելու են հանձնառություններ` իրականացնելու 2019-2030թ.թ.։ Այցի ընթացքում ստորագրվելու է դեռևս 2015թ. պատրաստված և ղազախական կողմի հետ դիվանագիտական խողովակներով համաձայնեցված «Հայաստանի Հանրապետության առողջապահության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հայաստանը մեծապես կարևորում է առողջության պահպանման առաջնային օղակի զարգացումը: Նախատեսվում է, որ ԱԱՊ-ին պետական բյուջեից հատկացումները եկող տարի 2018թ.-ի համեմատ ավելացվելու են 27 տոկոսով: Հատուկ ուշադրություն կդարձվի առողջապահական աշխատուժի զարգացման, վերապատրաստման և պահպանման զգալի աճին, հատկապես առողջության առաջնային պահպանման ոլորտում:

Նմանատիպ նյութեր