211652_close_icon
views-count3073 դիտում article-date 16:36 24-10-2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հռոմ

Հայրապետական այցով Իտալիայում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին շքախմբի ուղեկցությամբ Միլանից մեկնել է Հռոմ: Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Այցի շրջանակներում Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին: «Հրաշափառ»-ի հանդիսավոր արարողությունից հետո Նորին Սրբությանը բարիգալստյան խոսք է հղել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Այնուհետև ներկաներին իր հայրապետական պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը նշել է, որ մեր ժողովուրդը դարերի մեջ դժվարություններ ու փորձություններ դիմագրավեց, ցեղասպանություն վերապրելով ցրվեց աշխարհով մեկ, բայց ամենուր արթուն եղավ հավատքի մեջ, համբերեց նեղությունների մեջ և հավատքի գործերով զարդարեց իր ընթացքը, վերակերտեց ու կազմակերպեց իր ազգային-եկեղեցական կյանքը: Նորին Սրբությունն իր ուրախությունն է արտահայտել օրեր առաջ Միլանի Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցու հաստատման 60-ամյա նշանակալի հոբելյանի հանդիսությանը մասնակցելու առիթով` բարձրորեն գնահատելով իտալահայերի նախանձախնդրությունը հանդեպ հոգևորը և նախնյաց ավանդները, նրանց որդիական հավատարմությունը հանդեպ հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Հայրապետական իր օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է զորեղ մնալ ազգային գիտակցության մեջ, իրենց սրտերում մշտավառ պահել Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատո կանթեղի լույսը և նախանձախնդրությունը նախնյաց ժառանգության հանդեպ: Աղոթք բարձրացվեց նաև խաղաղության, հայրենիքի հզոր ապագայի և մեր ժողովրդի բարօրության ու նորոգ առաջընթացի համար: Հանդիպմանը ներկա են եղել Իտալիո հայոց հոգևոր հովիվ և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, բարձրաստիճան հյուրեր Վատիկանի Սուրբ Աթոռից, Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների, ինչպես նաև Իտալիայում և Վատիկանում հավատարմագրված ՀՀ դեսպանատների ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 24-ին Վատիկանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպելու է Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:

Նմանատիպ նյութեր