211652_close_icon
views-count4641 դիտում article-date 23:35 23-10-2018

Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ պարգևատրումներ են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 22-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Քրեակատարողական ծառայողի օրվան: Նիստին մասնակցում էին քրեակատարողական հիմնարկների պետերը և ծառայողներ: Մասնակիցներին դիմեց ՔԿԾ պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը: Նա մասնավորապես նշեց. «Գիտեք, որ 2018թ. հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշումով հոկտեմբերի 19-ը օրացույցում ամրագրվեց որպես Քրեակատարողական ծառայողի օր: Այդ օրը Հայաստանում անց էր կացվում ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը, այդ իսկ պատճառով ամսի 19-ին ես գրավոր խոսքով շնորհավորեցի համակարգի ծառայողներին և վետերաններին: Այժմ ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիս մեր մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել քաջ առողջություն, արդյունավետ աշխատանք և երջանկություն: Օրացույցում մասնագիտական օր ունենալը պատմական փաստ է և բարձր ու պարտավորեցնող գնահատական մեր ծառայողների կողմից իրականացվող բարդ ու կարևոր աշխատանքում: Հանրապետությունում ձևավորված նոր իրավիճակը յուրաքանչյուրիցս պահանջում է օրինական դաշտում անբասիր աշխատանք, նախաձեռնություն ու նվիրում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր մասնագիտությունը, աշխատանքը հասարակության շրջանում լինեն պահանջված և հարգված: Մեր ծառայողների զգալի մասն իրականում սրտացավորեն և բարձր պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին: Ես անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ մշտապես ասել եմ, որ լավ աշխատանքն աննկատ չի մնա, որ մարդիկ կստանան իրենց արժանի, դրական գնահատականները, և այսօրվա մեր նիստը, դրա բովանդակությունն ասածիս վառ ապացույցն է: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և իմ հրամաններով լավագույնները խրախուսվել են, և ես այսօր պատիվ ունեմ խրախուսանքները հանձնել հասցեատերերին»: Այնուհետև ծառայության ղեկավարը խրախուսվածներին հանձնեց պարգևներն ու խրախուսանքները. քրեակատարողական 2 ծառայող խրախուսանքի ձևով ստացավ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր, 3-ը՝ արտահերթ կոչում, 13 ծառայողի հայտարարվեց շնորհակալություն, ՀՀ ԱՆ նախարարի հրամանով 29 ծառայող ստացավ տարբեր աստիճանի «Անբասիր ծառայության համար», 3-ը՝ «Պատվավոր քրեակատարողական ծառայողի» կրծքանշաններ: Նիստի տոնական մասի ավարտից հետո Ծառայության պետը ներկաների ուշադրությունը հրավիրեց ծառայողական բնույթի մի քանի կարևոր հարցերի վրա՝ հիմնարկի պետերից պահանջելով շարունակել իրականացնել ամենօրյա հսկողություն սննդամթերքի պահպանման, սննդի որակի և չափաբաժինների, ճաշարանի և պահեստի սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման, էլեկտրաէներգիայի սպառման, ջրի և գազի խնայողության, կադրերի հետ աշխատանքի, հաշվապահական հաշվառման, կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողով ներկայացվող նյութերի լիարժեքության և օբյեկտիվության նկատմամբ: Հաջորդ կարևոր հարցը, որին անդրադարձավ Ա. Մխոյանը, հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարն էր: «Մեր համակարգում պետք է այն արմատախիլ արվի ամբողջությամբ, ազատազրկված ոչ մի անձ չպետք է օգտվի օրենքով չնախատեսված արտոնություններից», - նշեց Ա. Մխոյանը: Ծառայության պետը կարևորեց նաև վատառողջ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տարվող աշխատանքները՝ հանձնարարելով բժշկական ծառայությունների հետ համատեղ առողջական խնդիրներ ունեցող այն դատապարտյալներին, կալանավորված անձանց նկատմամբ, որոնց հիվանդությունները, համաձայն գործող կարգի, անհամատեղելի են ազատազրկման հետ, բացահայտել և կալանավորված անձանց մասով նյութերը ներկայացնել վարույթն իրականացնող մարմին, իսկ դատապարտյալների նյութերը՝ ՔԿԾ՝ հետագա ընթացքը որոշելու համար: Կրկին շնորհավորելով ներկաներին՝ ՔԿԾ պետ Ա. Մխոյանն ասաց. «Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն արժանապատվորեն կրի համազգեստը, հասկանա և գնահատի քրեակատարողական ծառայողին ներկայացվող բարոյական արժեքները և պահպանի դրանք: Հաջորդ տարի համակարգի ստեղծման 100-ամյակն է, և մենք մեր աշխատանքով պետք է նվաճենք այն հավուր պատշաճի նշելու իրավունքը: Միաժամանակ շատ եմ ուզում, որ առայժմ չխրախուսված մեր ծառայողների մոտ առաջանա անկասելի ձգտում՝ արժանանալու խրախուսանքի, ուզում եմ, որ բոլոր ծառայողները ձգտեն հասնելու «Պատվավոր քրեակատարողական ծառայողի» կոչմանը»: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր