211652_close_icon
views-count4545 դիտում article-date 20:56 20-10-2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար, Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից ծրագրի ղեկավար, քահանա Կառլ-Հայնց Շայդեի հետ: Շնորհակալություն հայտնելով Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանն ու բոլոր նվիրատուներին մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին: «Գերմանական կարմիր խաչի հետ փոխգործակցության ընդլայնումը և սոցիալական նշանակության ծրագրերի իրականցումը Երևանի քաղաքապետարանի կողմից առանձնակի է կարևորված: Ես քաջատեղյակ եմ Երևանում Ձեր կողմից իրականացված ծրագրերի մասին և վստահեցնում եմ, որ մենք մեր լիազորությունների շրջանակում շարունակելու ենք աջակցել Ձեր բոլոր բարեգործական նախաձեռնություններին»,- նշել է Հայկ Մարությանն ու, առիթն օգտագործելով, շնորհակալություն հայտնել տոնի խորհրդով Գերմանիայից Երևանին նվիրաբերված խորհրդանշական 2800 եղևնիների համար, որոնք կտնկվեն մայրաքաղաքում: «Պարոն Շայդե, անչափ շնորհակալ ենք խորհրդանշական նվերի համար: Համոզված եղեք, որ մեր մայրաքաղաքի 2800-ամյակը խորհրդանշող եղևնիներն իրենց ուրույն տեղը կգտնեն Երևանում, և մենք կփայփայենք դրանք, ինչպես փայփայելու ենք մեր համաքաղաքացիների հույսերը»,- նշել է Հայկ Մարությանը: Առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը՝ Կառլ-Հայնց Շայդեն շնորհավորել է Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել նրան բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ մայրաքաղաքի և նրա բնակիչների: «Պարոն քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում գրանցած Ձեր համոզիչ հաղթանակը վկայում է բնակիչների սերն ու վստահությունը Ձեր հանդեպ: Համոզված եմ, որ խորհրդանշական եղևնիները վստահելի ձեռքերում են և որպես հույսի նշան ու խորհրդանիշ կլինեն Երևանում: Շնորհակալ ենք Ձեր պատրաստակամության համար: Բարեգործական ծրագրերի կյանքի կոչման հարցում իսկապես կարևոր է ունենալ վստահելի գործընկերներ, ովքեր աջակցում են նման ծրագրերի շարունակականության ապահովմանն ու լիարժեք կյանքի կոչմանը»,-ընդգծել է Կառլ-Հայնց Շայդեն:

Նմանատիպ նյութեր