211652_close_icon
views-count2305 դիտում article-date 12:57 20-10-2018

Թրամփը Սաուդյան Արաբիայի բացատրությունը «վստահության արժանի» է համարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակասական գնահատականներ է տվել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկջիի սպանության մասին Սաուդյան Արաբիայի խոստովանությանը: Նա լրագրողի սպանությունն «անընդունելի» է անվանել, սակայն Էր Ռիադի բացատրությունը «վստահության արժանի» համարել, գրում է [url=https://edition.cnn.com/middleeast/live-news/saudi-journalist-jamal-khashoggi-missing/index.html]CNN[/url] գործակալությունը: Արիզոնայում ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Էր Ռիադի խոստովանությունը «լավ, առաջին մեծ քայլ» է համարում: Նա նաև «շատ կարևոր» է համարել այն փաստը, որ թագավորությունն արդեն մեղադրանքներ է առաջադրել տվյալ գործով և ձերբակալել կասկածյալներին: Միևնույն ժամանակ, նա լրագրողի սպանությունն «անթույլատրելի» է համարել: Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ մտադիր է աշխատել Կոնգրեսի հետ լրագրողի սպանությանը հնարավոր պատասխանի ձևակերպման համար: Միևնույն ժամանակ, նա բացառել է ամերիկյան սպառազինությունների մատակարարման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հետ կնքած բազմամիլիարդանոց պայմանագրերի չեղարկումը: Բացի այդ, նա Իրանի ազդեցությանը «կարևոր հակակշիռ» է անվանել Էր Ռիադին: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ լրագրողը մահացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում վեճի ժամանակ: Այս գործով ձերբակալվել է 18 սաուդացի, ինչպես նաև պաշտոններից ազատվել են գահաժառանգ արքայազնի գլխավոր օգնականները, այդ թվում՝ ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ Ասիրին: «Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս ողբերգական դեպքի միջազգային հետաքննությանը... Մենք վշտացած ենք այն առնչությամբ, որ լսեցինք պարոն Խաշկջիի մահվան հաստատումը, և խորը ցավակցում ենք նրա ընտանիքին, հարսնացուին ու ընկերներին»,- ասել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Սարսափելի դեպքին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Անտոնիու Գուտերեշը կոչ է արել մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրողի սպանության գործով:

Նմանատիպ նյութեր