211652_close_icon
views-count3358 դիտում article-date 12:24 19-10-2018

Մեկնարկեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում փառատոնը 9 համերգային երեկոների միջոցով կներկայացնի 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը՝ մանկական դաշնամուրային գործերից մինչև մեծածավալ երաժշտական կտավները։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցնում է խորհրդանշական հոբելյանի ներքո. այս տարի նշվում է Խաչատրյանի 115-ամյակը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ փառատոնի ընթացքում հնչելու են ոչ միայն Խաչատրյանի հայտնի ու սիրված գործերը, այլև այն ստեղծագործությունները, որոնք հազվադեպ են կատարվում։ Մաեստրո Սմբատյանի տեղեկացմամբ՝ Հայաստան են ժամանելու աշխարհահռչակ մենակատարներ, որոնք կատարելու են Խաչատրյանի ստեղծագործությունները։ Փառատոնը մեկնարկեց «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագծով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը ներկայացրին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Երեկոյի ընթացքում հնչեցին Վարդագույն աղջիկները պարը «Գայանե» բալետից, Խորհրդային Հայաստանի հիմնը, Օրորոցայինը «Գայանե» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Անդատինոն, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Լեզգինկան, Սուսերով պարը և այլ ստեղծագործություններ։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։ Դիրիժորական վահանակի առջև էին Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը։ Նշենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր