211652_close_icon
views-count6748 դիտում article-date 17:03 18-10-2018

Նոր վճիռներ Մարտի 1-ի գործով. 3000 եվրո փոխհատուցում Գրիգոր Ոսկերչյանին, 4500 եվրո՝ Մասիս Այվազյանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Գրիգոր Ոսկերչյանի գործով վճիռը, որը մեղադրվում էր 2008 թվականի մարտին զանգվածային անկարգությունների հրահրման և պետական իշխանության ուզուրպացիայի փորձի մեջ։ Նշվում է, որ Ոսկերչյանը կալանավորվել է մարտի 8-ին և տարվել է ոստիկանություն, որտեղ հարցաքննվել է ցույցերի ժամանակ բաժանած թռուցիկների շուրջ։ Մարտի 11-ին նրան մեղադրանք է առաջադրվել։ 2009-ին նրան դատապարտել են 2 տարվա ազատազրկման, սակայն Ոսկերչյանը հետագայում ազատ է արձակվել համաներմամբ։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում։ ՄԻԵԴ-ը նաև անընդունելի է համարել նրան կալանքի տակ պահելու համապատասխան և բավարար հիմնավորում տրամադրելուց դատարանի կողմից հրաժարվելը։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 3000 եվրո վճարել որպես փոխհատուցում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկ այլ վճռով Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցրել է «Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով» դիմումատուին 4500 եվրո բարոյական փոխհատուցում վճարել: Համաձայն դատարանի կայքում հրապարակված վճռի՝ դիմումատուն Ջրվեժի 62-ամյա բնակիչ Մասիս Այվազյանն է, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2008թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հետընտրական ցույցերին: Մարտին 1-ին նրան ձերբակալել են, այնուհետև մեղադրանք են առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Մարտի 4-ին Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճռով նա երկու ամսով (մինչև մայիսի 1-ը) կալանավորվել է: Ընտրված խափանման միջոցը հիմնավորվել է արդարադատությունից չխուսափելու և քննությանը չխոչընդոտելու անհրաժեշտությամբ: Նշվում է նաև, որ Այվազյանը ոստիկանության նախկին բարձրաստիճան ծառայող է: 2008թ. մարտի 21-ին նա բողոքարկել է վճիռը՝ պնդելով, որ ձերբակալումն անհիմն է եղել, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը չի բավարարել հայցը: Հունիսի 1-ին դատարանն Այվազյանին դատապարտել է մեկ և կես տարի ազատազրկման՝ հիմնավորելով ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում գործելու մեղադրանքը: ՄԻԵԴ-ը, քննության առնելով գործը, համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 34-րդ հոդվածի (անհատական դիմում), գտել է, որ խախտվել է դիմումատուի անձնական ազատության և անվտանգության իրավունքը (Հոդված 5): Դատարանն այսպիսով հիմնավորված է համարել դիմումատուի պնդումը, որ նախքան դատավճռի կայացումը նրան կալանավորելը եղել է չհիմնավորված: Կրած բարոյական վնասի համար սահմանված տուգանքը նախատեսվում է տուժողին վճարել 3 ամսվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր