211652_close_icon
views-count31177 դիտում article-date 22:25 16-10-2018

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ողջ զայրույթը թափեց Մակեդոնիայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլը համարվում է ամենաանկախատեսելի մարզաձևերի մեկը: Բայց որ այսքան անկանխատեսելի, դա արդեն չափազանց էր: Վստահաբար, որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Հայաստանի հավաքականը Ջիբրալթարին պարտվելուց հետո ոչ միայն կհաղթի Մակեդոնիային, այլ դա կանի համոզիչ կերպով: Ընդամենը 4 օրում մենք բացարձակապես երկու տարբեր հավաքականներ տեսանք: Ջիբրալթարի հետ խաղում էր մի հավաքական, որի համար կարելի էր ամաչել, այնքան թույլ ու անզոր տեսք ունեին: Իսկ ահա այսօր մենք տեսանք հին, բարի, մեր ուզած Հայաստանը. որը գնդակի համար ամեն վայրկան պայքարում է, որը մեռնելով առաջ է գնում, որի խաղացողները իրենց չեն խնայում, ու որը դիտարժան, գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում: Նման խաղի համար էլ արդեն կարելի է հպարտանալ և հուսալ, որ հետագայում միայն այսպիսի Հայաստանի հավաքական կտեսնենք: 4:0՝ այս հաշիվը ամեն ինչ ասում է: Իհարկե, առանձին պետք է նշել խաղի գլխավոր հերոսին՝ Մակեդոնիայի դարպասապահին, որն ամեն ինչ անում էր, որպեսզի մեր տղաների հարվածներից հետո գնդակը հնարավորինս հաճախ հայտնվի դարպասում: Ինչպես խաղի մեկնաբանը ասաց, Միտրեսկիին մի հատ լավ պատիվ պետք է տալ՝ խորովածով, կոնյակով: Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Մարկոսը՝ հեռահար հարվածով: 67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը: Հետո եկավ Գևորգ Ղազարյանի հերթը, իսկ վերջակետը խաղավերջում դրեց Հենրիխ Մխիթարյանը: Ու այսքանից հետո էլ ավելի ցավալի ու «աբիդնի» է դառնում Ջիբրալթարից կրած պարտությունը: Մեծ հաշվով, այս խոշոր հաղթանակը միայն հեղինակություն վերականգնելու նշանակություն ունեցավ, իսկ ահա մրցաշարային առումով մեզ միայն հրաշքը կփրկի: Իսկ հրաշքը այն կլինի, եթե մնացած երկու խաղերից գոնե մեկում Մակեդոնիան պարտվի: Լիխտենշտեյնին կամ Ջիբրալթարին: Իսկ այսպես մեր հավաքական 4 տուրից հետո խմբում վաստակեց 6 միավոր: Մակեդոնիան 9 միավորով առաջին տեղում է: Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնն ունեն 3-ական միավոր: Մնում է սպասենք հրաշքի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր