211652_close_icon
views-count3421 դիտում article-date 11:23 15-10-2018

Մեկնարկել է Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնը

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի՝ 9 տարեկանում գրված Սիմֆոնիա լարային նվագախմբի համար գործի կատարմամբ տրվեց կոմպոզիտորի երաժշտության 3-րդ փառատոնի մեկնարկը: Բացման համերգին հոկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում, բացի վերնոշյալ ստեղծագործությունից, նվագախումբը ներկայացրեց «Ֆրիդհելմ Լախի քարերի պոլիֆոնիան» Վարիացիաներ լարային նվագախմբի համար, «Այնտեղ, այստեղ և ամենուր» լարային նվագախմբի համար, Ռեքվիեմ լարային նվագախմբի համար ստեղծագործությունները: Վահրամ Բաբայանը մեծ ոգոևորությամբ ընդունեց Կամերային նվագախմբի կատարումները՝ յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո հոտընկայս ծափահարելով կոլեկտիվին: Կոմպոզիտորը փաստում է՝ իր երաժշտությանը նվիրված առաջին փառատոնը Հայաստանում կազմակերպվել է 1998 թվականին, երկրորդը՝ 2005-ին: Առանձին փառատոն կազմակերպվել է նաև Ֆրանսիայում՝ 2014 թվականին: Այս տարի անցկացվող հայաստանյան երրորդ փառատոնը ներառելու է չորս համերգ: Անդրադառնալով Կամերային նվագախմբի հետ համագործակցությանը՝ Վահրամ Բաբայանը ընդգծում է՝ կոլեկտիվն ու Վահան Մարտիրոսյանը հասցրել են ներկայացնել իր գործերը: Երկկողմ համագործակցությունը շատ դրական ու բարձր է գնահատում: Նշենք, որ Կոմպոզիտոր, դաշնակահար Վահրամ Բաբայանն առաջին ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում: Ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ: Ստեղծագործությունները հնչել են աշխարհի մոտ 40 երկրներում` ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլն, բազմաթիվ հեղինակավոր փառատոններում և համերգներում:

Նմանատիպ նյութեր