211652_close_icon
views-count10491 դիտում article-date 16:06 12-10-2018

Սիրտս տխուր է. Ջիվան Գասպարյանն իր հոբելյանը չի նշում՝ Շառլ Ազնավուրի մահվամբ պայմանավորված

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հոկտեմբերի 12-ին դարձավ 90 տարեկան: Վաղ առավոտից հանրաճանաչ երաժիշտը շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր երկրներից, սակայն, ինչպես ինքն է ասում, բացարձակ տրամադրված չէ տարեդարձը տոնելու: «Մեծանուն մարդ, իսկական ընկեր ու բարեկամ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կորուստն ինձ համար ծանր էր: Հետևաբար` ես տրամադրված չեմ և չեմ կարող իմ տարեդարձը տոնել: Սիրտս տխուր է…Շառլ Ազնավուրի հետ մենք պայմանավորվել էինք, որ նա ֆրանկոֆոնիայի օրերին գալու էր Հայաստան, միասին նշելու ենք իմ 90-ամյակը, միասին ձայնագրություններ պետք է անեինք, բայց չստացվեց»,- «[url=https://armenpress.am/arm/news/950682.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց Ջիվան Գասպարյանը: Խոսելով առաջիկա անելիքների մասին, Ջիվան Գասպարյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին Երևանում կանցկացվի համերգ, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Ես չեմ ուզում դրսից մարդիկ հրավիրվեն, ցանկանում եմ, որ բեմում լինեն ազգությամբ հայ իմ ընկերները: Բեմում կլինեմ ես, իմ սաները, երաժշտական ոլորտի իմ ընկերները: Այդ երեկոն նվիրված կլինի ինձ: Կհնչեն իմ գրված, ինչպես նաև ժողովրդական երգեր: Ի դեպ, ես Գյումրիին նվիրված երգ եմ գրել, որը նույնպես այդ երեկո կհնչի»,-ասաց Ջիվան Գասպարյանը: Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդման: 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը: Նույն թվականին անգլիացի երաժիշտ Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում, որոշում է նրան Լոնդոն հրավիրել։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին», «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլն: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում:

Նմանատիպ նյութեր