211652_close_icon
views-count5528 դիտում article-date 11:04 12-10-2018

Նոր Հայաստանի հին դիվանագետը. 25 տարի անց դարձյալ Լոս Անջելեսում. newsbook.am

Ինչպես հայտնի է ՀՀ ԱԳ նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով Արմեն Բայբուրդյանը նշանակվեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։ Բայբուրդյանը բավականին երիտասարդ հասակում՝ 31 տարեկանում, արդեն մեկ անգամ նշանակվել և պաշտոնավարել է Լոս Անջելեսում՝ դարձյալ ստանձնելով ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը: Բայբուրդյանն իր առաջին նշանակման շրջանում պաշտոնավարել է երկու տարի՝ 1995-1997 թթ.:  Միանգամից փաստենք, որ վերջին շրջանում՝ մինչ Բայբուրդյանի նշանակումը, զանազան անուններ էին շրջանառվում լոսանջելեսահայության շրջանում: Այդ ցանկում կային այնպիսիները, որոնք, մեղմ ասած, անընկալելի էին համայնքի ընտրախավի կողմից: Եվ ահա Բայբուրդյանի նշանակումը թույլ տվեց խորը շունչ քաշել ու այս պահի համար ամրագրել՝ նոր Հայաստանում ձևավորվելիք կամ արդեն որոշակիորեն ձևավորված արժեքային կանոնակարգերն ու հարաբերություններն արդեն հասնում են Սփյուռք, ավելի որոշակի՝ ԱՄՆ-ում հայկական համայնք, որը խոշորագույններից է: Այստեղ ներկայացված է սփյուռքի ողջ ներկապնակն այն պարզ պատճառով, որ ԱՄՆ ազգությամբ հայերը գաղթել են մեզ հայտնի ու անհայտ բոլոր վայրերից: Էլ չենք խոսում Հայաստանի Հանրապետությունից վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի ուղղությամբ գրանցված արտագաղթի մասին: Այսօր ԱՄՆ-ում հայկական համայքը մեծ է ու բազմաշերտ, խնդիրներն էլ նույն հերթականությամբ՝ մեծ ու բազմաշերտ են: Դրանց լուծման հեռանկարներն էլ ավելի անորոշ են դառնում համայքնում գործող ավանդական կուսակցությունների անարդյունավետ մրցակցության ու ամբիցիաների, անհասկանալի ՀԿ-ների կասկածելի գործունեության ու առանձին անհատների՝ ինչ-որ բան դրականորեն փոխելու ջանքերի ֆոնին: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր հրամայական է շարունակում մնալ ԱՄՆ-ում հայկականի համայնքի ողջ պոտենցիալի բացահայտումը: Իսկ պոտենցիալ և լուրջ պոտենցիալ առկա է:  Թեման ահագին լուրջ քննարկման ու ծավալվելու տեղ ունի: Սկզբի համար միայն նկատենք, որ լոսանջելեսահայության՝ վերոնշյալ շերտերի մասին կարելի է հատորյակներ գրել՝ վարքաբանությունից մինչև սովորույթների տարբերություններ, լեզվամտածողություն (բանավոր ու գրավոր խոսք), ապրելակերպ և ի վերջո՝ Հայաստանի մասին երազանքներ: Տարօրինակ է, բայց, օրինակ պարսկահայի երազած Հայաստանը կտարբերվի բեյրութահայի երազած Հայաստանից, բեյրութահայինը՝ ռուսահայից, 1960 թ. ԱՄՆ ներգաղթածինը՝ 1988 թ. ներգաղթածից, 88-ինը՝ 2008-ից ու այդպես շարունակ:  Եվ ուրեմն՝ արժե հավաքագրել ու հասկանալ խնդիրները, ապա ձևակերպել անելիքն ու վստահորեն առաջ ընթանալ: Երևի թե հենց այդպիսի մղումներով են 25 տարի առաջ Բայբուրդյանն ու նրա թիմը  հիմնադրել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը: Եվ երևի թե պատահական չէ, որ Բայբուրդյանն այսօր վերադառնում է Լոս Անջելես 25 տարի առաջ սկսած ու կիսատ թողածը՝ նորից սկսել-ավարտելու: Վստահ է, որովհետև թիկունքին Նոր Հայաստանն է, գիտակցում է, որ ֆանտաստիկ շանս է տրված (արտահայտության ձևակերպումը Բայբուրդյանինն է) Հայաստանի շուրջ դրական վերաբերմունք ձևավորելու համար: Համոզմունք ունի՝ որ մեր երազանքի Հայաստանն ունենալ-ամրացնելու համար դրսում ապրողներս պետք է հնարավոր բան անենք Հայաստանի շուրջ դրական վերաբերմունք ձևավորելու համար: (Բայբուրդյանն ասում է՝ ճապոնացիներն իրենց տնտեսական հրաշքները հենց այդ հարաբերությունների ինստիտուտի միջոցով են գրանցել):  Եվ ամենակարևորը՝ Բայբուրդյանը խոր համոզմունքի ունի, որ Հայաստանի՝ աշխարհին լավագույնս ներկայանալու ռեսուրսը ժողովրդավարությունն է: Հենց այդ գաղափարի զինվոր լինելն է նրան ստիպել 2008-ին լինել ՀՀ արտգործնախարարության այն բարձրաստիճանների ցանկում, որոնք հայտնի հայտարարությունից հետո հեռացվեցին ԱԳՆ-ից:    Պրոֆեսիոնալը, որը երազանք ունի, որն անզիջում է գաղափարի ու սկզբունքի հարցում, յուրաքանչյուր պետության հպարտությունն է: Այսօր ես էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, ապրեցի այդ հպարտությունը՝ Բայբուրդյանի նախաձեռնությամբ Լոս ԱՆջելեսում գործող ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կուզեմ, որ Բայբուրդյանի պաշտոնավարման ավարտին ամեն ինչ լինին այնպես, ինչպես իր պատկերացումներում է: Որովհետև մարդն իր պատկերացումների ու դրանց վրա կառուցվելիք գործողությունների մեջ, ինչպես ինքն է նշում, ազնիվ և ուղղամիտ է լինելու: Մի բան, որ պակասում է այս համայնքում, գուցե աշխարհում: Բայց ինչպես կասեր դասականը՝ այս պահին ու այս կոնտեքստում կարևորը մենք ենք ու Ամերիկան: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=126101&l=am]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր