211652_close_icon
views-count4596 դիտում article-date 16:58 11-10-2018

Իրանագիտական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողովը տեղի է ունենում ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Իրանագիտական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը անց է կացվում հոկտեմբերի 11-13-ը Երևանի պետական համալսարանում: Իրանագիտական լեզվաբանության միջազգային գիտաժողովը (ICIL) միտված է լեզվաբաններին ու բանասերներին աշխարհի բոլոր ծայրերից համախմբել իրանագիտության շուրջ: Նախորդ տարիներին այն անցկացվել է Ռուսաստանում (2017) և Վրաստանում (2016): Այս տարի այն անց է կացվում Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում: Գիտաժողովին մասնակցում են բազմաթիվ գիտնականներ Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Հվ. Կորեայից և մի շարք այլ երկրներից: ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ իրանագիտական լեզվաբանությանը նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և շնորհակաական խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ով նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից, և առանց «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի աջակցության՝ գիտաժողովը հնարավոր չէր լինի կազմակերպել: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ սիրով և ուրախությամբ է ողջունում «Իրանագիտական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը, որը տեղի է ունենում Երևանի պետական համալսարանում: «Այս գիտաժողովի անցկացումը ԵՊՀ-ում և հատկապես Իրանագիտության ամբիոնում վկայում է այն բանի մասին, որ այն համաշխարհային իրանագիտության կենտրոններից մեկն է, և տարիներ շարունակ իրականացված աշխատանքները համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին»,- ասաց պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը: Նա նաև նշեց, որ Հայաստանում և հայ ժողովրդի մոտ իրանագիտության հանդեպ հետաքրքրությունն ունի դարերի պատմություն, ինչը հիմնված է ոչ միայն Իրանի հետ բարեկամական հարաբերությունների, այլ նաև գիտական լայն շրջանակի նկատմամբ հետաքրքրության վրա: «Ես ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում համաշխարհային կարևորության 2 միջոցառում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և գիտական ասպարեզում դրան համարժեք այս գիտաժողովը»,- հավելեց Ռուբեն Մելիքյանը: Գիտաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք և քննարկումներ՝ նա հույս հայտնեց, որ համաժողովը ևս մի կարևոր քայլ է լինելու՝ նպաստելու համաշխարհային իրանագիտության զարգացմանը: Ըստ պրոֆեսոր Մելքոնյանի՝ Հայաստանն ունի իրանագիտական շատ յուրահատուկ դպրոց, որի թե՛ տաղանդավոր երիտասարդ կադրերը, թե՛ իրանագիտության ասպարեզում անվերապահ հեղինակություն վայելող Գուրգեն Մելիքյանը լուրջ քայլերով առաջ են տանում իրանագիտության հայկական դպրոցը: Ողջույնի խոսքերից հետո տարբեր երկրներից մասնագետները ներկայացրին իրենց զեկույցները իրանական լեզվաբանության վերաբերյալ: Հիշեցնենք, որ միջազգային գիտաժողովը շարունակվելու է հոկտեմբերի 12-ին և 13-ին՝ ժամը 09:00-ից, ԵՊՀ Արևելագիտության մասնաշենքի՝ համապատասխանաբար Երկանյանների և Ֆիրդուսիի անվան դահլիճներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր