211652_close_icon
views-count5049 դիտում article-date 22:35 10-10-2018

ԱՄՆ-ն կավելացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը

ԱՄՆ-ն պատրաստվում է ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Այս մասին հայտնումէ Jam.News-ը: 2019թ-ին ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանին մոտ 26 մլն դոլար կտրամադրի: Դա 20 միլիոնով ավել է, քան ի սկզբանե նախատեսված է եղել: Հայաստանն այս տարի արդեն ստացել է լրացուցիչ 14 մլն ֆինանսավորում: Միջոցների մի մասն ուղղված է այն ծրագրերի իրականացմանը, որոնք խթանում են քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների կայացումը: Մյուս մասը կուղղվի հայկական և ամերիկյան ընկերությունների միջև առևտրային և գործնական կապերի ընդլայնմանն, այդ թվում՝ Հայաստանի համար առաջնային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և էներգետիկ բարեփոխումների իրականացման համար: Այս ծրագրերը կոչված են աջակցելու երկրի քաղաքական նոր ղեկավարությանն անցումային փուլում, բազմակուսակցական համակարգի կայացմանն, ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը: Հայաստանի անկախացումից հետո ԱՄՆ-ն մշտապես ֆինանսական օգնություն է ցուցաբերել երկրում հասարակության ժողովրդավարացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: 2006թ-ից ֆինանսական աջակցություն ցուցաբերվել է այդ թվում նաև ԱՄՆ պետդեպի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցով: Այդ ծրագրի շրջանակում Հայաստանում 177 մլն դոլարի ներդրումներ են արվել: Սակայն Հայաստանի և «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ենթադրվում էր Հայաստանում 235 մլն դոլարի ներդրումներ կատարել: Ծրագիրն ավարտվեց ավելի վաղ, քան ենթադրվում էր: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը, որը գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որոշեց դադարեցնել ծրագրի ֆինանսավորումը: Դա կապված էր կոռուպցիոն ռիսկերի և 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ: Այն ժամանակ ցույցը ցրելու ժամանակ ցուցարարներ էին զոհվել, որոնք համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ: 2018թ-ի «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի իշխանություններն ու ԱՄՆ լոբբիստական հայկական կազմակերպությունները կրկին բարձրացրեցին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը: Սակայն կորպորացիան բացատրեց դեպի Հայաստան ֆինանսական հոսքեր չուղղելու իր որոշումը նրանով, որ երկիրը չի համապատասխանում առաջադրված չափանիշներին: Արդյունքում՝ Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից ֆինանսական օգնություն չստացավ: Այնուամենայնիվ, հիմա արդեն պարզ է դառնում, որ Հայաստանի նոր իշխանությունները որոշ ծրագրեր իրականացնելու համար գումար կստանան հենց ԱՄՆ բյուջեից:

Նմանատիպ նյութեր